news-details
Արարատի Մարզ

Արարատում բացահայտվեց բնակարանային գողություն․ մեղավորը տանտիրոջ որդին էր

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 22-ին՝ ժամը 16-ին, 112 ծառայություն զանգահարած Արարատի մարզի բնակիչը հայտնել է, որ տուն վերադառնալով՝ նկատել է այն տակնուվրա արված ու թալանված։ 

Դեպքի վայր է մեկնել Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը։

Տանտերն իրավապահներին հայտնել է, որ առավոտյան 10։00-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են տան մուտքի դուռը և ննջասենյակի պահարանից գողացել ոսկյա զարդեր։ 

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բնակարանային գողությունը կատարել է տանտիրոջ 25-ամյա որդին։

Գողության պատրանք ստեղծելու համար նա խառնել էր տան իրերը, իսկ հափշտակված ոսկեղենը վաճառել էր Երևանում՝ ստանալով 5.300 դոլար և 14.000 դրամ։

Նախաքննությունը շարունակվում է։