news-details
Արարատի Մարզ

Հիշատակի և խնկարկման արարողություններ՝ Արարատի մարզի համայնքներում

Ապրիլի 24-ին Արարատի մարզի խոշոր համայնքներում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի և խնկարկման արարողություններ։

​Արտաշատում հարգանքի տուրք է մատուցվել մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Պաշտոնական այցի շրջանակներում կազմակերպվել է քայլերթ դեպի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցի։

Եկեղեցու բակում՝ Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի մոտ, կատարվել է ծաղկադրում, իսկ հոգևոր հովիվ Տեր Երվանդ քահանա Բաբայանը կարդացել է բարեխոսական աղոթք՝ նահատակների հոգիների խաղաղության համար։

​Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը, համայնքապետարանի աշխատակազմը, վարչական ղեկավարները և կրթամշակութային օջախների սաները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։

Համայնքային իշխանություններն ընդգծել են, որ հայության պահանջը վաղեմության ժամկետ չունի, և 1,5 միլիոն անմեղ նահատակների հիշողությունը վառ պահելը յուրաքանչյուրի պարտքն է։

​Վեդիի համայնքապետարանը ևս հանդես է եկել ուղերձով՝ ապրիլի 24-ը որակելով որպես կոչ՝ վերարժևորելու պատմությունը և պահպանելու ազգային հիշողությունը։

Համայնքը վերահաստատել է իր հանձնառությունը՝ պայքարելու պատմական արդարության և համամարդկային արժեքների պաշտպանության համար։

Բոլոր համայնքների միասնական պատգամն ամփոփվել է «Հիշում ենք և պահանջում» կարգախոսով։