news-details
Արարատի Մարզ

Հրդեհ Արարատի մարզում. Հայանիստում «ZIL» մակնիշի բեռնատարում առաջացած կրակի դեմ մինչ հրշեջների ժամանումը պայքարել են վարորդն ու քաղաքացիները. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայանիստ բնակավայրում մեքենա է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, «ZIL» մակնիշի բեռնատարում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Հրդեհի հետևանքով վարորդը Արարատի մարզի բնակիչ 73-ամյա Ստյոպա Մ.-ն տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Արթուր Կոծինյանի, Սահակ Թադևոսյանի, դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ֆելիքս Ասատրյանն ու կրտսեր պարեկ Մարատ Մանուկյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Ճանապարհային դեպարտամենտ» Արմավիրի ճանշինի հաշվեկշտում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի