Տևական ժամանակ է՝ Մասիս խոշորացված համայնքի 2-րդ թաղամասի մի քանի շենքերի ու սեփական տների բնակիչներ, ինչպես նաև թիվ 3-րդ մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներ ուզում են հասկանալ, թե վերջապես երբ է տարածքը մաքրվելու գարշահոտից։
Այսօր՝ մայիսի 2-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին
«Դեռ սովետական տարիներից էս տարածքում գործել է ջրատար կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ կանալ։ Ջուրն այնքան մաքուր է եղել, որ նույնիսկ լողանում էինք։ ԽՍՀՄ փլուզումից հետո որոշ չափով այդ մաքրությունը պահպանվեց, բայց արդեն 20 տարուց ավելի է՝ անտանելի վիճակ է։ Ամբողջ կանալը լցված է կոյուղատարերից դուրս եկած ջրերով, աղբով և տարատեսակ իրերով ու գարշահոտը զգացվում է անգամ 500 մետրից։
Վերջին անգամ կանալը մաքրվել էր 2 տարի առաջ, իսկ հիմա ինքներդ էլ կարող եք զգալ այդ անտանելի հոտն ու տեսնել հակասանիտարական վիճակը։
Մեր խնդրանքն է, որպեսզի նախ կանալը մաքրվի այդ գարշահոտից, և երկրորդ՝ մանկապարտեզը վերջապես ունենա խաղահրապարակ։ Մոտ 120 երեխա է այցելում մանկապարտեզ, 4 խմբերով։ Հիմա ինչ անենք, Դավթի Համբարձումյանի գլխին սարքեցին ու փակեցին, դրա արդյունքում մենք տուժեցինք։
Ինչ կլինի հրատապ մեր խնդրանքը կատարեն, իսկ մենք շատ բան չենք ուզում։ Ուզում ենք մեր երեխաներն այցելեն հարմարավետ մանկապարտեզ, մենք էլ բնակիչներով ամառվա էս տապին մաքուր օդ զգանք, ոչ թե դուռ ու լուսամուտ ամուր կողպեն։
Ուզում ենք նաև հավատալ, որ կառավարությունը, ով հսկայական գումար է ներդրել, մեր թաղամասի բնակիչների համար մանկապարտեզ է կառուցել, իր գործը մինչև վերջ ավարտին հասցնի։