Այս տարի Քաղաքացու օրը նշվում է ապրիլի 25-ին՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրի ներքո։
Տոնական օրվա շրջանակներում Արարատի մարզի համայնքներում նախատեսված են բազմաբնույթ միջոցառումներ, բանախոսություններ և մշակութային ծրագրեր։
Արտաշատ համայնքում օրը կսկսվի ժամը 10:00-ին՝ Կլամարի այգում նախատեսված ծառատունկով։
Ժամը 11:00-ին նույն վայրում ԱԺ պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը կհանդիպի երիտասարդների հետ՝ ներկայացնելով պետության դերի մասին բանախոսություն։
Միաժամանակ, ժամը 11:00-ին բանախոսություններ կմեկնարկեն Այգեպատի մշակույթի տանը (բանախոս՝ Վահե Թորոսյան) և Լանջազատի մշակույթի տանը (ժամը 12:00-ին, բանախոս՝ Աննա Նիազյան)։
Կեսօրին՝ ժամը 12:00-ին, Արտաշես արքայի արձանի հարակից տարածքում կբացվի գեղանկարների ցուցահանդես, իսկ 12:30-ին թատրոնամերձ հրապարակի պուրակում կանցկացվի արագ շախմատի մրցաշար։
Տոնական միջոցառումները կեզրափակվեն ժամը 13:30-ին՝ քայլերթով դեպի քաղաքային լիճ և «Բերդ» պարի հանդիսավոր ցուցադրությամբ։
Արարատ համայնքում միջոցառումները ևս մեկնարկում են ժամը 11:00-ին՝ Զանգակատուն, Արարատ և Նոյակերտ բնակավայրերի մշակույթի տներում։
Ժամը 12:00-ին միջոցառումներ կիրականացվեն Ավշարի մշակույթի տանը, ինչպես նաև Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնում։
Օրվա նպատակն է խթանել երկխոսությունը պետական մարմինների և երիտասարդների միջև՝ արժևորելով քաղաքացու դերը պետության կայացման գործում։
Տոնական օրվա գեղեցիկ ավարտը կլինի ժամը 20:00-ին Հանրապետության հրապարակում նախատեսված մեծ համերգային ծրագիրը։ Մուտքն ազատ է բոլորի համար։