news-details
Հայաստան

Սեպտեմբերից դպրոցներում կգործեն վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ

Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ։

Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Մեր երկրում անվտանգ ճանապարհային երթևեկության մշակույթի ձևավորումը շարունակում է մնալ պետական կարևոր առաջնահերթություն։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ներքին գործերի նախարարության հետ համատեղ մեկնարկում է ճանապարհային երթևեկության անվտանգության նոր կրթական ծրագիր։

Արդեն այս սեպտեմբերից հանրակրթական դպրոցների ավագ դասարանների աշակերտների համար կամընտրական հիմունքով կգործեն ճանապարհային անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ։ Ծրագրի նպատակն է բարձրացնել սովորողների իրազեկվածությունը ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ։

Խմբակի շրջանակում ավագ դպրոցի աշակերտները կսովորեն․

ճանապարհային երթևեկության կանոնները

ճանապարհային նշանները և գծանշումները

լուսացույցի և կարգավորողի ազդանշանները

հետիոտնի և ուղևորի վարքականոնները

ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները

վարորդական գործնական հմտություններ և այլն:

Խմբակի մասնակցությունը 12-րդ դասարանում կարող է հանդիսանալ նաև վարորդական իրավունքի քննության համար նախապատրաստական դասընթաց, որի շնորհիվ սովորողները կարող են քննություն հանձնել և վարորդական վկայական ստանալ:

Կյանքի համար անհրաժեշտ հմտությունների զարգացումը, սովորողների գործնական կարողությունների և հմտությունների զարգացումը, առավել պատրաստված և պատասխանատու շրջանավարտների ձևավորումը կրթական համակարգի կարևոր խնդիրներից են։

Ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ գիտելիքներն ու վարքականոնը կարևոր ներդրում են շրջանավարտի՝ որպես քաղաքացու պատրաստման գործում, որը մեծապես կարող է նպաստել ճանապարհային երթևեկության կանոնների պահպանմանն ուղղված պատասխանատու և անվտանգ հանրային մշակույթի ձևավորմանը։