news-details
Արարատի Մարզ

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակի հենասյանը և կոտրել այն․ բժիշկները պայքարում են վիրավորներից մեկի կյանքի համար

Այսօր՝ ապրիլի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին՝ Նորամարգի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ 48-ամյա Ալեքսանդր Բ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 50-ամյա Կարեն Մ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes»-ը բախվել է գազատար խողովակի հենասյանը և կոտրել այն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից Ալեքսանդր Բ․-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Բագրատ Դանիելյանի գլխավորությամբ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes»-ի գազի բալոնի փականը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի և դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գոռ Սիմոնյանը և Խորեն Գեղամյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերությունների ներկայացուցիչները։

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Մասիսի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի