news-details
Արարատի Մարզ

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Արարատի մարզում․ կա վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել են 55-ից ավելի կրակված պարկուճներ, վնասված ավտոմեքենաներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 30-ին հերթական հանդուգն կրակոցներն են տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսգիշերն անց անհայտ անձը իր մոտ պահվող հրազենից կրակոցներ է արձակել Վեդի խոշորացված համայնքի Վանաշեն բնակավայրի Սարգիս Ճիրոյան փողոցի թիվ 29 տան ուղղությամբ։ 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված կրակոցից բարեբախտաբար տուժածներ չկան։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում Վանաշեն գյուղի բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, իրենց զայրույթն էին հայտնում մարզի քրեական և համայնքային ոստիկանների հասցեին՝ ասելով.

«Մարտի 30-ի կրակոցը տեղի չէր ունենա, եթե իրավապահները տեղում լինեին։ Եվ դա անցյալ տարվա օգոստոսի 8-ի դեպքի շարունակությունն է։ Դեպք, որն իրավապահների կողմից ոչ լիարժեք է բացահայտվել, ու դա դեռ շարունակություն է ունենալու, որովհետև միջադեպի հերոսները հովանավորվում են մարզի որոշ պաշտոնյաների կողմից, ու այդ պաշտոնյաները շատ լավ գիտեն, որ ամբողջ գյուղում, ինչո՞ւ միայն գյուղում, նաև մարզում իրենց անուններն են շոշափվում։

Ո՞վ է տեսել առանձնապես ծանր հանցագործություն տեղի ունենա ու մարզի իրավապահներն իրականացնեն թերի աշխատանք ու դրա արդյունքում տեղի է ունենա մեկ այլ հանցագործություն։

Հիմա հետաքրքիր է՝ տեղական իշխանություններն ինչո՞ւ են հովանավորում կրիմինալը, հանցագործությունը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ հանձնարարական է տվել ու մենք նույնիսկ գիտենք, որ իր հսկողության տակ է քրեական ենթամշակույթի դեմ պայքարը։

Իսկ Արարատի մարզում ոչ թե պայքարում են քրեական թափթփուկների դեմ, այլ ամենաբարձր մակարդակով տեղական իշխանիկները հովանավորում են դրանց։

Օգոստոսին ավտոն իբրև թե չզիջելու համար սարքեցին «արմագեդոն»։ Մինչև ատամները զինված ստահակը կրակոցներ արձակեց գյուղում հարգված ու ընդունված ընտանիքի անդամների տան ուղղությամբ, ինչի պատճառով ընտանիքի անդամներից մեկը հրազենային վնասվածքով տեղափոխվեց հիվանդանոց, ով հիմա արդեն տան պայմաններում շարունակում է բուժումը։

Կրակոցների հետևանքով բակում կայանված «Opel»-ը վերածել էին ցանցի։ Կրակոցի հետքեր կային նաև կայանված «Ուազ»-ի վրա։

Դեպքի վայր ժամանած քննիչները հենց այդ վայրում հայտնաբերել էին 55-ից ավելի՝ ինքնաձիգից արձակված կրակված պարկուճներ և այդ դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվում և գործը գնում է քննչական, բայց իրավապահները, քաջ իմանալով, թե ովքեր են այդ բեսպրեդել հանցագործության հեղինակները, ոչ մի պրոֆիլակտիկ միջոցներ չեն կատարում։

Ու ողջ գյուղը վստահ է, որ մարտի 30-ի կրակոցներն այդ ամենի շարունակությունն են։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում