Հարգելի՛ արարատցիներ,
Տարին մոտենում է ավարտին՝ իր հետ տանելով փորձություններ, բայց նաև թողնելով ստեղծագործ աշխատանքի, միասնականության և ձեռքբերումների կարևոր ուղի։
Ամանորը յուրաքանչյուրիս համար նոր սկիզբ է, նոր հույսերի ու նպատակների խորհրդանիշ։
Ավարտվող 2025 թվականը Արարատ համայնքի համար եղել է ակտիվ աշխատանքի, կառուցման և զարգացման տարի։
Տարվա ընթացքում համայնքում իրականացվել են բազմաբնույթ համայնքային և սուբվենցիոն ծրագրեր՝ ուղղված մեր բնակավայրերի ենթակառուցվածքների բարելավմանը և բնակչության կյանքի որակի բարձրացմանը։
Վերանորոգվել են բազմաբնակարան շենքերի տանիքներ, կառուցվել և արդիականացվել են ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգեր, շարունակվել է բնակավայրերի գազաֆիկացման գործընթացը։
Համայնքի բոլոր բնակավայրերում կատարվել են ճանապարհների ասֆալտապատման լայնածավալ աշխատանքներ, կառուցվել և վերակառուցվել են փողոցային լուսավորության համակարգեր՝ ժամանակակից ԼԵԴ լուսատուներով ։
Կարևոր ձեռքբերումներից են մշակույթի տների վերանորոգումը և դրանց հարակից տարածքների բարեկարգումը, կոմունալ ծառայության նոր շենքերի կառուցումը, բակերի բարեկարգման աշխատանքները։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև առողջապահական ոլորտին՝ բնապահպանական ծրագրով համայնքի բուժհաստատությունների համար ձեռք են բերվել բժշկական սարքավորումներ։
2025 թվականին համայնքում իրականացված ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 2 միլիարդ 287 միլիոն դրամ, որից ավելի քան 1 միլիարդ 193 միլիոն դրամը ներդրվել է համայնքային բյուջեից։
Այս ամենը հնարավոր է դարձել պետություն-համայնք համագործակցության, մասնավոր ներդրումների և, ամենակարևորը, մեր համայնքի բնակիչների վստահության ու համբերատարության շնորհիվ։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ում աշխատանքի և նվիրվածության շնորհիվ Արարատ համայնքը շարունակում է զարգանալ, դառնալ ավելի հարմարավետ ու կենսունակ։
Ձեր աջակցությունն ու սրտացավությունը մեզ պարտավորեցնում են շարունակել սկսած ճանապարհը՝ նոր ծրագրերով և ավելի մեծ արդյունքներով։
Թո՛ղ գալիք տարին մեր համայնքին բերի խաղաղություն, կայուն զարգացում և նոր հնարավորություններ։ Թո՛ղ յուրաքանչյուր ընտանիքում լինի առողջության, սիրո ու բարեկեցություն, իսկ մեր համայնքում՝ համերաշխության և առաջընթացի տարի։
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ։