news-details
Արարատյան Պատմություններ

Ճանաչենք Արարատի մարզի հերոսներին- Աղասի Ասատրյան

Աղասի Սարմենի Ասատրյանը ծնվել է 1996 թվականի փետրվարի 23-ին Մասիս քաղաքում։ Նա աչքի է ընկել իր ընկերասիրությամբ, հավատարմությամբ և հայրենասիրությամբ, ինչի մասին հպարտությամբ է հիշում նրա քույրը՝ Հռիփսիմեն։

2012 թվականին Աղասին ավարտել է դպրոցը (ստացել 9-ամյա կրթություն) և ընդունվել Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ։

Ուսումնառությանը զուգահեռ նա ակտիվորեն զբաղվել է քիքբոքսինգ մարտարվեստով՝ գրանցելով բազմաթիվ հաջողություններ և արժանանալով տարբեր մեդալների ու պատվոգրերի։

​Քոլեջն ավարտելուց հետո՝ 2014 թվականին, Աղասի Ասատրյանը մեկնել է պարտադիր զինվորական ծառայության։ Նա ծառայության է անցել Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի (Մատաղիսի պաշտպանական շրջան) զորամասերից մեկում՝ որպես հետախույզ-դիպուկահար։

Այնուհետև տեղափոխվել է Թալիշի պաշտպանական շրջան և ծառայել ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի դասակում, որտեղ ընդգրկված էր 170 Մ/Դ անձնակազմում։

​2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդը լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Արցախի սահմանի ողջ երկայնքով։ 170 Մ/Դ ուղղությամբ թշնամու կողմից ձեռնարկված մի քանի հարձակումներ ու գրոհներ կասեցվել են հրամանատար Մերուժանի և նրա ջոկատի տղաների ջանքերով։

Անձնակազմի անդամները, լինելով քաջ ու պատրաստված հետախույզներ, գիտակցված և առանց վարանելու անհավասար մարտի են բռնվել թշնամու՝ իրենց գերազանցող ուժերի և հատուկ պատրաստված ստորաբաժանումների դեմ։

Այդ թեժ կռիվների ընթացքում Ռաֆիկը, Մերուժանը, Աղասին և Վիկտորը ցուցաբերել են արտակարգ սխրանք՝ չլքելով դիրքերը նույնիսկ փամփուշտների սպառվելուց հետո, և թշնամու դեմ անցել են ձեռնամարտի։ Աղասի Ասատրյանը հերոսաբար զոհվել է ապրիլի 2-ին Թալիշում՝ այդ անօրինակ մարտերի ժամանակ։

​Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ արիության և անձնվիրության համար շարքային Աղասի Ասատրյանը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախագահների կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով։

​Հերոսի հիշատակը հավերժացնելու նպատակով Մասիս քաղաքի փողոցներից մեկն այսօր կրում է Աղասի Ասատրյանի անունը։

Այն դպրոցում, որտեղ նա սովորել է, դասասենյակներից մեկը նույնպես անվանակոչվել է նրա պատվին, իսկ Գյումրի քաղաքում տեղադրվել է անձնակազմի հիշատակին նվիրված հուշաքար։

Հավերժ փառք մեր հերոսներին։