Տափերականը գյուղ է Հայաստանի Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում. Այն նախկինում կրել է Կիրովի անվան սովխոզ, N2 սովխոզ կամ Կիրովի սովխոզ անվանումները։
Գյուղը վերանվանվել է Տափերական 1991 թվականի ապրիլի 3-ին. Անվանումը կապված է պատմական աղբյուրներում հիշատակվող Արաքս գետի Տափերական կամրջի հետ, որը գտնվել է Արտաշատ մայրաքաղաքի մոտ։
Գյուղը հիմնադրվել է 1930-ական թվականներին. Տարածքը նախկինում պատկանել է (Յուվա) Շահումյան գյուղին։
Այստեղ հիմնադրվել է Սովետական Հայաստանի երկրորդ սովխոզը. Հետագայում, երբ Շահումյանի կոլտնտեսությունը կոչվել է «Կիրովի» անվամբ, N2 սովխոզը 1939 թվականին վերանվանվել է Կիրովի սովխոզ և հանդես եկել որպես առանձին սովետական տնտեսություն։
1968 թվականին՝ շրջանների վերաձևավորումից հետո, այն մտել է Արարատի շրջանի կազմի մեջ։
1946 թվականին գյուղում հաստատվել են Պարսկաստանից հայրենադարձվածները։
Տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է։
Համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր, պտղատու և խաղողի այգիներ։ Բնակիչները զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ և բանջարաբուծությամբ։
Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ ու թռչնաբուծությամբ։
Համայնքում գործում են 3 խաղողի վերամշակման ձեռնարկություններ, ալրաղաց և հացի թխման 3 ձեռնարկություն։
Որպես համայնքի հիմնախնդիրներ՝ կարևորվում են ոռոգման ջրի հարցը, գյուղամիջյան ճանապարհների ու մանկապարտեզի վերանորոգումը։
Այս բնակավայրն աչքի է ընկնում իր աշխատասեր ու տոկուն համայնքով, որի հիմքերում ընկած է նաև հայրենադարձների մշակութային ու կենցաղային ժառանգությունը:
Տափերականցիների բնավորության գլխավոր առանձնահատկությունը հողի հանդեպ ունեցած անսահման նվիրվածությունն ու հյուրընկալությունն է։
նրանք հայտնի են որպես արարող, համախմբված և ավանդապաշտ մարդիկ, ովքեր սերնդեսերունդ փոխանցում են խաղողագործության ու գինեգործության գաղտնիքները: Գյուղն իր հերթին աչքի է ընկնում Արարատյան դաշտի բարեբեր կլիմայով, խաղողի ընդարձակ ու խնամված այգիներով և վերամշակող ակտիվ ձեռնարկություններով, որոնք ապահովում են տեղական արտադրանքի բարձր որակն ու համբավը:
Տեղակայումը՝ Արտաշատ քաղաքից 5-6 կմ հարավ-արևելք։
Կոորդինատները՝ 39°55′07″N 44°36′22″E։