news-details
Արարատյան Պատմություններ

Բացահայտիր Արարատը- Նարեկ գյուղի արարող ուժը

Հայաստանի սրտում՝ Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում է գտնվում Նարեկ գյուղը, որն իր յուրահատուկ պատմությամբ ու բնությամբ գրավիչ անկյուն է։

Այն համեմատաբար երիտասարդ բնակավայր է։ Սկզբնական շրջանում ստեղծվելով որպես խաղողապտղատնկարանային տնտեսություն՝ գյուղն իր հպարտ անվանումը ստացել է ի պատիվ մեծանուն մտածող և բանաստեղծ Գրիգոր Նարեկացու։ Պատմական աղբյուրներում այն երբեմն հիշատակվում է նաև Նարեկավան կամ Զաթմա անուններով։

​Նարեկն աչքի է ընկնում իր տպավորիչ աշխարհագրական դիրքով և մարդկային ձեռքի արարող ուժով. գյուղը հիմնվել է չոր, դժվարանցելի ղոժերի տարածքում, սակայն հետևողական աշխատանքի և ոռոգման շնորհիվ վերածվել է ծաղկուն, կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Այստեղ կլիման չոր է և խիստ ցամաքային։

Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին՝ հունվարյան -3-ից -5 °C միջին ջերմաստիճանով, իսկ ամառը տևական է ու տաք՝ մայիսից մինչև հոկտեմբեր, երբ օդի ջերմաստիճանը հասնում է 24-26 °C-ի, իսկ առավելագույնը կարող է գրանցվել մինչև 42 °C։ Չնայած հաճախակի հանդիպող խորշակներին, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը, այս համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում, ինչի շնորհիվ տեղի բնակիչները հրաշքներ են գործում հողի հետ։

​Գյուղի մարդկանց բնավորության գլխավոր առանձնահատկությունը նրանց անկոտրում կամքն է, տոկունությունը և բացառիկ աշխատասիրությունը։ Այս մարդիկ կարողացել են անապատային ու քարքարոտ բնությունը վերափոխել բերրի այգիների։ Բնակիչներն աչքի են ընկնում հյուրընկալությամբ, ավանդապաշտությամբ և հողին կապվածությամբ։

​Համայնքի տնտեսության մասնագիտացման գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է։ 

Նարեկցիները մեծ հաջողությամբ զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ ու բանջարաբուծությամբ՝ մշակելով ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային և կերային կուլտուրաներ։

Բացի բուսաբուծությունից, զարգացած են նաև անասնապահությունն ու թռչնաբուծությունը, մինչդեռ արդյունաբերական ձեռնարկություններ գյուղը չունի։ 2011 թվականի տվյալներով գյուղն ունի 1001 բնակիչ։

​Նարեկ գյուղը գտնվում է Արարատյան դաշտի արևելյան եզրին, Արտաշատ քաղաքից մոտ 10 կմ հյուսիս-արևելք, ծովի մակարդակից 1050 մ բարձրության վրա, կոորդինատներն են՝ 40°01′00″N 44°37′31″E։