news-details
Մասիս

Արդեն մի քանի տարի է՝ Արարատի մարզպետարանն ու ԿԳՄՍ նախարարությունը չեն ուզում Մասիսի 6-րդ հիմնական դպրոցի սաներին փրկել գարշահոտից

Արդեն մի քանի տարի է՝ Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Մասիս կայարանում դեռ սովետական տարիներից գործող թիվ 6 հիմնական դպրոցում թե երեխաները, թե ուսուցչական կոլեկտիվը դասապրոցեսը անցկացնում են հակասանիտարական ու գարշահոտ վիճակում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի տարի է՝ ո՛չ Արարատի մարզպետարանը, ո՛չ Մասիս խոշորացված համայնքի ղեկավարը, և ո՛չ էլ «Վեոլիա ջուր»-ը ժողովրդի լեզվով ասած ընդհանուր հայտարարի չեն գալիս, թե ի վերջո ով է գալու 160-ից ավելի աշակերտներին, դպրոցի ուսուցիչիներին և այդ հատվածում ապրող 100-ավոր քաղաքացիներին փրկելու գարշահոտից։

Քանի անգամ խնդրի մասին տեղեկացվել է Արարատի թե՛ նախկին, թե՛ ներկայիս մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ովքեր խոստացել են, որ իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի երեխաները փրկվեն այդ գարշահոտից, բայց ինչպես միշտ նրանց խոսքը գործից տարբերվում է։

Օրեր առաջ դարձյալ նույն հակասանիտարական ու գարշահոտ վիճակն էր տիրում, իսկ երբ սկսվում են անձրևները, ամբողջ տարածքում կեղտը վարար գետի նման իրենով է անում ողջ դպրոցը, հարակից շենքերի բակերը, իսկ պատասխանատուները, կարծես թե, «ջայլամի կեցվածք» ընդունած լինեն, իսկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին թողնես ամպագոռգոռ հայտարարի, թե իր ուշադրության կենտրոնում են դպրոցներում, մանվանդ մարզերում, երեխաների համար բարվոք ուսումնական պայմաններ ապահովելը։

Եթե սա է տիկին նախարարի պատկերացրած եվրոպական չափանիշներին համապատասխան դպրոց ունենալը, վա՛յ էդ հասարակությանը ու եթե հերթական անգամ պետք է մի ամբողջ դպրոցի խաբեն, երևի թե ճիշտ կլինի, որպեսզի թե՛ տիկին նախարարը, թե՛ պարոն մարզպետը «SMS» ստանան։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, մինչ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում՝ բացելով միջազգային չափանիշներին համապատասխան մանկապարտեզներ, դպրոցներ, ու փորձում է բարեկեցիկ պայմաններ ապահովել դպրոցականների ուսման համար, Արարատի մարզի Մասիսի խոշորացված համայնքի համար 6 հիմնական դպրոցում երկար տարիներ է՝ անտանելի վիճակ էր։

Չգիտես ինչու՝ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կամ տեղյակ չէին, թե ինչ հակասանիտարական, հակահիգիենիկ ու խոլերայի վտանգ պարունակող պայմաններում էին այդ դպրոցի սաները սովորում, իսկ հարակից շենքերի բնակիչները բնակվում, երևի միայն Աստծուն է հայտնի։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն իրենց զայրույթն էին ուղղել թե՛ Արարատի մարզպետին, թե՛ Մասիսի քաղաքապետին՝ ասելով.

«Մի օր բարի եղեք էդ ձեր կաբինետից դուրս եկեք, թարգեք շոուներն ու իսկական գործ արեք։ 

Մասիսի քաղաքապետի համար երևի քաղաքը սկսվում և ավարտվում է Մասիսի հրապարակից, կենտրոնական հատվածից այն կողմ չի փորձում հանդիպել բնակիչների հետ, ծանոթանալ խնդիրներին ու լուծել այդ ամենը։ Քարոզարշավի ժամանակ սարեր են խոստանում, բայց հենց ընտրվում են, արհամարհում են ծայրամասերում ապրողների հոգսերը թեթևացնելու հարցերը։ Քանի տարի  էս գարշահոտ, սրտխառնոց առաջացնող պայմաններում են 120-ից ավելի երեխաներ մասնակցում դասապրոցեսին, քանի տարի է խոստանում են, որ խնդիրը կլուծեն, ոչ մարզպետարանը, ոչ Մասիսի քաղաքապետարանը էս քանի տարի է չփորձեցին «Վեոլիա ջրին» պարտավորեցնել, որպեսզի էս խնդիրը լուծի։

Իսկ խնդիրը կայանում է նրանում, որ կոյուղատարերի վնասման կամ խցանման պատճառով կեղտը դիտահորերից դուրս է գալի ու ողողում ոչ միայն դպրոցի տարածը այլև հարակից շենքերի։ Մարզպետն ու քաղաքապետը իրենց կաբինետում կոնդիցիոների տակ երևի մաքուր օդ են շնչում, բա մենք էլ ենք ուզում մեր երեխաները մաքուր օդի պայմաններում մասնակցեն դասապրոցեսին։ Դե Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի մասին չենք էլ ուզում հիշել, մի քանի անգամ զանգել ենք նախարարության թեժ գիծ, բայց էդ մարդիկ նույնիսկ չեն բարեհաճում պատասխանել մեր զանգերին։

ԿԳՄՍ նախարարը ասում է, թե աշակերտների համար ստեղծում ենք եվրոպական չափանիշներին համապատասխան կրթություն, արդյո՞ք դրա մեջ չի մտնում այն, որ երեխաները դպրոց հաճախելուց պետք է մաքուր ճանապարհով անցնեն, իսկ մեզ մոտ 500 մետրից գարշահոտը խեղդում է։ Ոչ մարզպետին, ոչ քաղաքապետին, ոչ նախարարին չենք հավատում։ Այդ 3-ը մեզ համար դարձել են արդեն «դառը հում»։ Տեսնում ենք՝ կառավարությունը վարչապետի գլխավորությամբ, ինչքան դպրոցներ է վերանորոգել տալիս, նույնիսկ շատերը զրոյից են կառուցվել ու շարունակում կառուցվել, իսկ մեր դպրոցը անտեսված է ԿԳՄՍ նախարարության կողմից, շենքերն էլ՝ Արարատի մարզպետարանի ու Մասիսի քաղաքապետարանի կողմից էնպես որ մենք մեր հույսը դնում ենք, անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա, ով մի հատ որ էն իր պողպատե մուրճով հայտնի ու սիրված «Նվագախմբի տղաները» ֆիլմի օրինակով էդ պատասխանատուներին «օբերկոտ» անի, նրանք երևի արդեն կմտածեն, որ պետք չէ հարյուրավոր երեխաներին ու նրանց ծնողներին տարիներ շարունակ խաբել։

Երեխաներն էլ ասում էին, որ ուզում ենք վարչապետի նման հեծանիվ քշենք, ուզում ենք մեր մանկության խաղերը խաղանք մեր հրապարակում, բայց հնարավոր չէ, որովհետև կեղտաջուրը մի իսկական ճահճի է վերածել խաղահրապարակը, որտեղ գիշերները լսում ենք գորտերի կռկռոցը»։