Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի հետ այսօր Օհան Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարանում հանդիպել են պատանի ընթերցողների հետ։
Պաշտոնյաները մասնակցել են Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», Ղազարոս Աղայանի «Անահիտ» և Ռիչարդ Բախի «Ջանաթան Լիվինգսթոն անունով Ճայը» ստեղծագործությունների քննարկմանը՝ երեխաների հետ զրուցելով գրական հերոսների, արժեքների ու գաղափարների մասին։
Արարատի մարզային գրադարանը գրական տաղավարով հանդես էր եկել նաև «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի շրջանակում, իսկ տարբեր ուսումնական հաստատություններից գրադարան այցելող երեխաներն այս ստեղծագործություններն ընտրել էին հենց ԿԳՄՍ նախարարի՝ ամառային արձակուրդներից առաջ տված խորհրդով: Ավշարի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները Ռիչարդ Բախի «Ջանաթան Լիվինգսթոն անունով Ճայը» նովելի հիման վրա նաև նախագծային աշխատանք էին իրականացրել:
Միջոցառման շրջանակում դպրոցականները ներկայացրել են նաև իրենց ձեռագործ աշխատանքներն ու ստեղծագործությունները:

