Դեկտեմբերի 5-ը խորհրդանշական օր էր Ռանչպար բնակավայրի համար․ իրականացավ բնակչության համար սպասված և կարևոր նախաձեռնություններից մեկի՝ բազմաֆունկցիոնալ մարզադաշտի պաշտոնական բացումը։ Մարզադաշտին կից տեղադրվել են նաև մարզասարքեր, ինչը հնարավորություն կտա զբաղվել տարբեր մարզաձևերով և ակտիվորեն անցկացնել ազատ ժամանակը՝ առողջ և անվտանգ միջավայրում։
Բացման արարողությանը ներկա էին Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ, Ռանչպարի վարչական ղեկավար Վահան Վարդանյանը, այլ բնակավայրերի վարչական ղեկավարներ, ինչպես նաև բազմաթիվ բնակիչներ։
Միջոցառումից հետո համայնքի ղեկավարը զրուցեց բնակիչների հետ, լսեց նրանց բարձրաձայնած հարցերն ու առաջարկները՝ կարևորելով շարունակական կապը համայնքի հետ և բնակիչների մասնակցությունը ընդունվող որոշումներում։
Ռանչպարցիները շնորհակալությամբ անդրադարձան արդեն իրականացված աշխատանքներին, որոնք էականորեն փոխել են բնակավայրի ընդհանուր տեսքն ու պայմանները։ Նրանք առանձնացրին նորաստեղծ մարզական ենթակառույցը՝ ընդգծելով, որ այն կարևոր նշանակություն ունի համայնքային կյանքի աշխուժացման, հատկապես երիտասարդների ակտիվ մասնակցության խթանման գործում։
Այցի ընթացքում համայնքի ղեկավարը այցելեց նաև բնակավայրի բուժամբուլատորիա և մանկապարտեզ՝ տեղում ծանոթանալով առկա խնդիրներին ու կարիքներին։ Անդրադարձ կատարվեց ենթակառույցների բարելավման և առաջիկա իրականացվելիք քայլերին, որոնք միտված են բնակիչների ծառայությունների որակի բարձրացմանը։
Ռանչպարում կատարվող աշխատանքները շարունակական բնույթ են կրում, և համայնքապետարանը նախատեսում է առաջիկայում իրականացնել նոր ծրագրեր՝ ուղղված բնակավայրի համաչափ զարգացմանը ու բնակիչների համար առավել հարմարավետ միջավայրի ձևավորմանը։


