Այսօր՝ մայիսի 8-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Մասիս խոշորացված համայնքի Սիս բնակավայրի բնակիչները հավաքվել էին գյուղի կենտրոնում՝ իրենց բողոքի և պահանջի ձայնը հասցնելու համապատասխան կառույցներին և հատկապես «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ խնդրելով վերջնականապես լուծում տալ գյուղի գազաֆիկացման խնդրին։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչները նշում էին, որ դեռ շուրջ 3 տարի առաջ Մասիսի համայնքապետարանի միջոցներով գյուղում իրականացվել են գազատար համակարգի կառուցման աշխատանքներ։ Անցկացվել է հիմնական խողովակաշարը, և գյուղի մի քանի ընտանիքներ նույնիսկ հասցրել են բաժանորդագրվել, սակայն բնակիչների ճնշող մեծամասնությունը մինչ օրս զրկված է կապույտ վառելիքից օգտվելու հնարավորությունից։
«Գյուղի շուրջ 99 տոկոսը մինչ այսօր գազ չունի։ Տները ստիպված ենք ջեռուցել հոսանքով, փայտով կամ այլ միջոցներով։ Նույնիսկ դպրոցի շենքն է փայտով ջեռուցվում, այն դեպքում, երբ գազատարը հասնում է մինչև դպրոց։ Մեզ ասում են, թե ինչ-որ չափանիշների խնդիր կա, բայց արդեն երեք տարի է՝ հարցը մնում է օդում կախված»,- նշում էին բնակիչները։
Գյուղացիների խոսքով՝ հատկապես ձմռան ամիսներին ստեղծվող իրավիճակը դառնում է առավել ծանր, քանի որ էլեկտրաէներգիայի և փայտի ծախսերը զգալի բեռ են դառնում ընտանիքների համար։ Նրանք վստահեցնում են, որ բազմիցս դիմել են տարբեր ատյանների, սակայն մինչ այժմ խնդիրը լուծում չի ստացել։