Այսօր Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը հյուրընկալեց ՀՀ-ում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին, ինչպես նաև դեսպանատան ու ՄԱԶԾ ներկայացուցիչների։
Ողջունելով պատվավոր հյուրերին՝ համայնքապետը ներկայացրեց Մասիս խոշորացված համայնքը, զարգացման ընթացքն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով միջազգային կառույցների աջակցության կարևորությունը։ Նա նշեց, որ համագործակցության շնորհիվ իրականացվող ծրագրերը նպաստում են բնակավայրերի համաչափ զարգացմանը և տարբեր ոլորտների բարելավմանը։
Նորայր Հակոբյանը հատկապես կարևորեց Նոր Խարբերդում կառուցվող ամֆիթատրոնի նախագիծը՝ նշելով, որ այն լինելու է ոչ միայն մշակութային և ժամանցային վայր, այլ նաև կնպաստի Արցախից տեղահանված մեր հայրենակիցների և համայնքի բնակիչների միջև սոցիալական համերաշխության ամրապնդմանը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը նշեց, որ Սերբիայի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում փոքր համայնքների զարգացմանը և պատրաստ է շարունակել աջակցությունը կարիքահեն նախագծերի իրականացման ուղղությամբ։ Նա համոզմունք հայտնեց, որ Սերբիայի կառավարության աջակցությամբ կառուցվող ամֆիթատրոնը զգալի ներդրում կլինի Մասիս համայնքի մշակութային կյանքի աշխուժացման գործում։
ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, կարևորելով նախաձեռնությունը, հույս հայտնեց, որ ՄԱԶԾ-Մասիս համայնք համագործակցությունը կշարունակվի նույն ակտիվությամբ։
Անդրադառնալով ծրագրին, որի շրջանակներում կառուցվում է ամֆիթատրոնը՝ ՄԱԶԾ գենդերային հավասարության պորտֆելի ղեկավար Ժաննա Հարությունյանն ի մասնավորի նշեց, որ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)՝ ՀՀ-ում Սերբիայի կառավարության և ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ մեկնարկել է «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ հինգ բազմաբնակավայր համայնքներում ներդնել կարիքահեն և ներառական համայնքային ոլորտային ծառայություններ՝ նոր տեսակի հանրային տարածքների նախագծման և կառուցման միջոցով։ Բազմաֆունկցիոնալ հանրային տարածքները պետք է նպաստեն Լեռնային Ղարաբաղի փախստականների և հյուրընկալող համայնքների բնակիչների միջև սոցիալական միասնականության ամրապնդմանը։
Տիկին Հարությունյանը հավելեց, որ ընտրված համայնքներից մեկը Մասիսն է, որն, ի տարբերություն մյուս համայնքների, հանդես է եկել 60 տոկոս համաֆինանսավորմամբ։
Հյուրերը նաև շնորհավորեցին Նորայր Հակոբյանին համայնքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ ձևավորված արդյունավետ համագործակցությունը կունենա շարունակություն։
Հանդիպման ավարտին պատվիրակությունը շրջայց կատարեց համայնքապետարանում, այնուհետև այցելեց Նոր Խարբերդ՝ տեղում դիտարկելու շինաշխատանքների ընթացքը։ Բարձր գնահատելով կատարվող աշխատանքները՝ հյուրերը հրաժեշտ տվեցին՝ ակնկալելով հանդիպել բացման հանդիսավոր արարողությանը։


