Մասիսի համայնքապետարանը տեղեկացնում է.
Մասիսի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում այսօր մեկնարկեց «Մասիսի համայնքապետի գավաթ-2026» շախմատի մրցաշարը, որը կազմակերպել են Մասիսի համայնքապետարանն՝ Արարատի մարզի շախմատի ֆեդերացիայի և Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համատեղ։
Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, մարզիչներ, ծնողներ և շախմատի սիրահարներ։ Մինչ խաղափուլերի մեկնարկը հնչեցին ողջույնի խոսքեր, ելույթներ, որոնց ընթացքում ընդգծվեց նման միջոցառումների կարևորությունը՝ երեխաների և երիտասարդների շրջանում մտածողության, տրամաբանության և ռազմավարական հմտությունների զարգացման տեսանկյունից։
Ողջունելով ներկաներին՝ Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը կարևորեց շախմատի դերը կրթական և դաստիարակչական գործընթացում՝ ընդգծելով, որ համայնքապետարանը շարունակելու է աջակցել մարզական ու մտավոր խաղերի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։ Նա մասնակիցներին մաղթեց արդար պայքար, նոր ձեռքբերումներ և հաղթանակներ։
Մրցաշարին մասնակցության իրավունք ունեն 1-ին, 2-րդ կարգային և վարկանիշ ունեցող շախմատիստները։
Հավելենք, որ մրցաշարը կանցկացվի հունվարի 12-ից 20-ը, իսկ հաղթողները կպարգևատրվեն գավաթով, մեդալներով, պատվոգրերով և դրամական մրցանակներով։
Մաղթում ենք հաջողություն բոլոր մասնակիցներին։
