news-details
Մասիս

Աշխատանքային շրջայց Նոր Խարբերդում՝ խնդիրների քննարկում և առաջիկա ծրագրեր. Մասիսի համայնքապետարան

Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները այսօր այցելեցին Նոր Խարբերդ բնակավայր՝ տեղում ծանոթանալու մեծ բնակավայրի առկա խնդիրներին և լսելու բնակիչներին։

Նոր Խարբերդը Մասիսի խոշոր բնակավայրերից է, ու բնականաբար այստեղ հարցերը բազմաշերտ ու բազմաոլորտ են։ Բնակիչները ներկայացրին իրենց հիմնական մտահոգությունները, ինչպես նաև բարձր գնահատեցին վարչական ղեկավարի հետևողական գործելաոճը։

Համայնքապետը ոլորտային պատասխանատուների հետ քննարկեց բարձրացված խնդիրները, ներկայացրեց արդեն մեկնարկած քայլերը, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող ծրագրերը՝ ուղղված բնակավայրի ենթակառուցվածքների բարելավմանը և համայնքային ծառայությունների որակի բարձրացմանը։

Այցի ընթացքում Նորայր Հակոբյանը շեշտեց, որ մեծ բնակավայրի խնդիրները մեծ համբերություն ու հետևողական աշխատանք են պահանջում, սակայն դրանց լուծման համար համայնքապետարանը գործում է համակարգված և նպատակային։

Համայնքի ղեկավարը եղավ նաև մշակույթի տան հարակից տարածքում իրականացվող շինհրապարակում՝ ուսումնասիրելով աշխատանքների ընթացքը, ինչպես նաև այցելեց մանկապարտեզ՝ տեղում տեսնելու պայմանները և լսելու անձնակազմի ու ծնողների բարձրացրած հարցերն ու առաջարկները։

Շրջայցերը շարունակվում են։