news-details
Արարատի Մարզ

Սուրենավանի օդը վտանգի տակ է․ լռության գինը` առողջություն

Վերջին ամիսներին Սուրենավանում օրեցօր խորանում է մի խնդիր, որը անտեսել այլևս հնարավոր չէ։

Գյուղի բնակիչները նկատում են օդի որակի ակնհայտ վատթարացում և դա կապում են Զոդի կամրջի տարածքում գործող սև մետաղի ջարդոնի վերամշակման գործարանի գործունեության հետ, որը պատկանում է «Ջի Թի Բի Սիթլ» ընկերությանը։ 

Խնդիրը միայն անհարմարություն առաջացնող հոտերի կամ տեսանելի ծխի մասին չէ․ այն վերաբերում է մարդկանց առողջությանն ուղղված իրական և շարունակական սպառնալիքին։

Արտադրություն՝ բարձր ռիսկով և բնակավայրին մոտ
Սև մետաղի ջարդոնի վերամշակումը համարվում է էկոլոգիական տեսանկյունից ռիսկային գործունեություն։ Այդ գործընթացների ընթացքում մթնոլորտ կարող են արտանետվել մետաղական մանր մասնիկներ, ծանր մետաղներ և այրման հետևանքով առաջացող վնասակար գազեր։

Զոդի կամրջի տարածքում գործող գործարանի տեղակայումը Սուրենավանի անմիջական հարևանությամբ առաջացնում է հիմնավոր կասկածներ ինչպես տարածքային համապատասխանության,այնպես էլ գործունեության թույլտվությունների իրավաչափության առումով։

Գյուղի բնակիչները նշում են, որ հատկապես մթնշաղից հետո օդում տարածվում է խեղդող հոտ և նկատվում է խտացված ծուխ։

Միևնույն ժամանակ բացակայում են հանրային դաշտում հասանելի տվյալներ օդի որակի չափումների, գործարանի արտանետումների վերահսկման համակարգերի և իրականացված բնապահպանական փորձաքննությունների վերաբերյալ։ 

Այս իրավիճակը փաստում է տեղեկատվական փակության և հանրային վերահսկողության բացակայության մասին։

Մասնագիտական գնահատականների համաձայն՝ մետաղի վերամշակման ընթացքում առաջացող աղտոտիչների շարունակական ներգործությունը կարող է հանգեցնել շնչառական համակարգի հիվանդությունների, ալերգիկ վիճակների, սրտանոթային խանգարումների, ինչպես նաև բացասաբար ազդել երեխաների ֆիզիկական և մտավոր զարգացման վրա։

Օդային միջավայրի պաշտպանությունն ու վերահսկումը վերապահված է պետական լիազոր մարմիններին։ Եթե նման արտադրություն գործում է առանց պատշաճ վերահսկողության կամ հանրային հաշվետվողականության, արդարացի հարց է ծագում՝ ով և ինչ պայմաններով է տվել թույլտվությունը, որ մարմինն է իրականացնում վերահսկողությունը և ինչու է հանրությունը զրկված լիարժեք տեղեկացված լինելու հնարավորությունից։

Սուրենավանի բնակիչները պահանջում են իրականացնել անկախ, մասնագիտական և բաց օդային ուսումնասիրություն, հանրայնացնել գործարանի գործունեությանը վերաբերող բոլոր թույլտվությունները

ապահովել համայնքի մասնակցությամբ շարունակական վերահսկողություն և անհրաժեշտության դեպքում կիրառել գործունեության սահմանափակման կամ կասեցման միջոցներ։

Մաքուր օդի իրավունքը ամրագրված է Սահմանադրությամբ և չի կարող ստորադասվել որևէ տնտեսական շահի։

Լռությունն ու անգործությունը վաղ թե ուշ վերածվելու են առողջական լուրջ խնդիրների, որոնց գինը կվճարի հենց բնակչությունը։