news-details
Վեդի

Վեդիում բունտ է հասունանում. հարյուրավոր բնակիչներ սպառնում են խաղալիք կոկորդիլոսներով ու դատարկ դույլերով բողոքի ակցիաներ իրականացնել Վեդիի քաղաքապետ Գարիկ Սարգսյանի աշխատավայրի դիմաց

Այն, որ Արարատի մարզի մեծ թվով բնակավայրեր ունեն ջրի խնդիր, գաղտնիք չէ ու դրա հիմնական պատասխանատուն առաջին հերթին «Վեոլիա ջուր» ընկերությունն է։

Ընկերություն, որը վերջին տարիներին Հայաստանի ցանկացած մարզում խնդիրներ է ստեղծում սպառողների համար։ Սպառողներ, որոնց տված գումարներով է «Վեոլիա ջուրը» աշխատավարձ ստանում։

Այսօր՝ ապրիլի 21-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Վեդի քաղաքի Կասյան փողոցի մի քանի շենքերի բնակիչներ արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղում «Վեոլիա ջուր» ընկերությանը, Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանին՝ ասելով.

«20 օրից ավելի է՝ խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը տոննաներով կորչում է։ 20 օր է՝ մեռանք քաղաքապետարան ու «Վեոլիա ջուր» զանգելով, ոչ մի օգուտ։

Նախկին տարիներին էլ նման խնդիր եղել է ու միայն Վեդիի քաղաքապետի տեղակալն է, որ ինչ հնարավոր է, արել է, բայց հիմա զանգում ենք մեր քաղաքապետ Գարիկ Սարգսյանի աշխատավայր, ոչ մի պատասխան։

Զանգում ենք «Վեոլիա ջուր», այնտեղից էլ միայն ասում են թե «տեղյակ ենք, շնորհակալություն, տեսնենք ինչ է հնարավոր, կանենք» ու արդեն 20 օր է՝ ջուրը կորչում է, իսկ «Վեոլիա»-ն դեռ անում է։

Էլ ոչ «Վեոլիա ջրին» ենք հավատում, ոչ էլ Վեդիի քաղաքապետին։

Էդ քաղաքապետը երևի ուզում է էս ամբողջ տարածքը վերածվի ճահճի, որ իր սրտի երազանքն իրականություն դարձնի, Վեդիում վերջապես ստեղծի կոկորդիլոսների հավաքատեղի։

Դրա համար դիմում ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին, Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանին, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանին, որ գոնե նրանց միջամտության արդյունքում «Վեոլիա ջրի» Արարատի մասնաճյուղի աշխատակիցները վերացնեն էս ջրի  կորուստը։

Իսկ եթե խնդիրը հրատապ չլուծվի և «Վեոլիան» ու Վեդիի քաղաքապետարանը շարունակեն ցուցաբերել քար անտարբերություն, դիմելու ենք ավելի կտրուկ միջոցների, ընդհուպ՝ դատարկ դույլերով ու խաղալիք կոկորդիլոսներով բողոքի ակցիաներ ենք իրականացնելու Վեդիի քաղաքապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության Արարատի մասնաճյուղի դիմաց»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի