Վեդու համայնքապետարանը սիրով հրավիրում է բոլորին մասնակցելու արդեն ավանդույթ դարձած «Վեդի համայնքի ամենամյա մրցույթ» սիրողական խճուղային հեծանվավազքի, պարանի ձգման և ձիավարության մրցաշարին, որն անցկացվում է Ուրցաձոր բնակավայրում։
Մրցաշարը մեկնարկել է 2022 թվականից և արդեն դարձել է սպասված մարզական իրադարձություն։ 2025 թվականից այն ընդլայնվել է՝ միջմարզայինից վերածվելով հանրապետական մրցույթի։
Մրցաշարի հիմնական նպատակը համայնքում սպորտի և առողջ ապրելակերպի խթանումն է, ֆիզիկական ակտիվության տարածումը, ինչպես նաև տարբեր սպորտաձևերի կարևորության բարձրացումը բնակչության շրջանում։
Միևնույն ժամանակ այն նպաստում է համայնքների միջև կապերի ամրապնդմանը, Վեդի համայնքի ճանաչելիության բարձրացմանը և նոր ընկերությունների ձևավորմանը։
Հայտնում ենք, որ մրցաշարը կկայանա մայիսի 2-ին։
Անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում հնարավոր է օրվա փոփոխություն։
Մրցաշարը տեղի կունենա Արարատի մարզի Ուրցաձոր բնակավայրի Ուրցաձոր–Շաղափ ճանապարհահատվածում՝ ժամը 10:00-ից։
Միջոցառման ընթացքում նախատեսվում է նաև համերգային ծրագիր՝ հայտնի երգչի, Վեդի համայնքի շնորհալի երեխաների և ստեղծագործական խմբերի մասնակցությամբ։