news-details
Հայաստան

Wildberries-ն ու OZON-ը դադարեցրել են հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները

Wildberries մարկետփլեյսը դադարեցրել է հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց անհատ ձեռնարկատեր Շուշան Մկրտչյանը։

Ավելի վաղ Մկրտչյանը սոցցանցերում գրել էր խնդրի մասին` նշելով, որ Հայաստանից վաճառքները դադարեցվել են առանց որևէ պատճառաբանության, մի քանի ժամում։

Խնդրի պատճառով բազմաթիվ վաճառողներ հայտնվել են անորոշ իրավիճակում։

«Wildberries մարկետփլեյսը երեկ առավոտվանից սկսել էր քիչ-քիչ փակել հայ վաճառողների ապրանքները։

Այս մասին վաճառողները սկսեցին գրել տելեգրամյան խմբում, որտեղ 2500 ձեռնարկատեր կա։

Երեկ երեկոյան արդեն բոլոր հայկական ԱՁ ու ՍՊԸ ունեցողների ապրանքները փակվեցին Wildberries-ում»,- ասաց Մկրտչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Նա ընդգծեց, որ ստացվում է՝ հայկական բիզնեսի համար փակվեց արտահանման կարևոր մարկետփլեյս, և վաճառքների ծավալները խիստ կկրճատվեն։

«Հատկապես փոքր բիզնեսների համար մարկետփլեյսը ոչ միայն վաճառքի միջոց էր, այլ նաև արդյունավետ գործիք՝ կանխիկ հոսքեր ձևավորելու և բրենդի ճանաչելիությունը ԵԱՏՄ երկրներում բարձրացնելու համար։

Այս իրավիճակում առավել քան երբևէ կարևոր է, որ պետությունը կանգնի փոքր բիզնեսի կողքին։

Ի վերջո, հենց փոքր բիզնեսներն են ձևավորում ապագայի մեծ բիզնեսները»,-ասաց Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ իրենք հույս ունեն, որ խնդրի մասին պետական մակարդակով պարզաբանում կտրվի։

Նշենք, որ ոչ Wildberries, ոչ ՀՀ պատկան մարմինները դեռ պաշտոնական որևէ մեկնաբանություն չեն տվել և չեն հաստատել խնդրի առկայությունը։

Հ Գ. Նյութն արդեն պատրաստ էր, երբ Շուշան Մկրտչյանը սոցցանցում հայտնեց, որ հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները դադարեցրել է նաև OZON–ը։