Արարատի համայնքապետարանը տեղեկացնում է.
2026թվականի մարտի 6-ին Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի նիստերի դահլիճում տեղի ունեցավ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանի նախագծի և մանրակերտի մրցութային հանձնաժողովի նիստը։
Նիստի ընթացքում ներկայացվեց հուշարձան-համալիրի գաղափարական և ճարտարապետական հայեցակարգը։
Վազգեն Սարգսյանի հուշարձանի նախագծային հայեցակարգի հիմքում ընկած է նրա բազմաշերտ կերպարի՝ զինվորի և մտավորականի (գրողի) ներդաշնակ համադրումը։ Համալիրը նախագծված է այնպես, որ արտացոլի սպարապետի անքակտելի կապը հողի, ժողովրդի և պետականության հետ։
Հուշահամալիրը նախատեսվում է տեղադրել Արարատ գյուղի մշակույթի տան հարակից տարածքում։
Ճարտարապետական լուծումների շնորհիվ այն օրգանապես ձուլվում է քաղաքաշինական միջավայրին՝ ստեղծելով նոր հանրային տարածք։
Այն միայն հուշարձան չէ, այլև մշակութային հանգույց, որտեղ բնակիչներն ու հյուրերը կարող են իրենց հարգանքի տուրքը մատուցել հայոց պատմության մեծագույն անհատներից մեկին։
Համալիրի հորինվածքային և խորհրդանշական լուծումների կենտրոնը Վազգեն Սարգսյանի երեքմետրանոց բրոնզաձույլ արձանն է, որտեղ զինվորական հանդերձանքով կերպարի հաստատուն քայլը մարմնավորում է նրա անսասան կամքն ու մշտական ներկայությունը հայրենի հողի վրա։
Հուշարձանի հետնամասում վեր խոյացող մոնումենտալ հորինվածքը իր ուղղահայաց և հորիզոնական ծավալներով հեռվից հիշեցնում է թևավոր խաչ՝ խորհրդանշելով քրիստոնեական արժեքներն ու հանուն ազգի կրած զոհողությունը, իսկ դրա կենտրոնական հատվածում տեղադրված բարձրաքանդակը ներկայացնում է ժողովրդի ընդհանրացված կերպարը՝ ստեղծելով ամուր թիկունքի և միասնության զգացողություն։
Այս բարձրաքանդակի և արձանի մտածված փոխդասավորությունն ընդգծում է Սպարապետի՝ ժողովրդից սերվելու և նրա համար գործելու փաստը՝ Վազգեն Սարգսյանի կերպարը դարձնելով համալիրի գաղափարական դոմինանտը, որը մարմնավորում է ազգային պայքարի շարունակականությունն ու պետականաշինության վեհ գործը։
Ներկայացնում ենք Ձեզ մրցույթում հաղթող ճանաչված մանրակերտը։


