news-details
Մասիս

2026թ. սուբվենցիոն ծրագրերը՝ հանրային քննարկման փուլում. Մասիսի համայնքապետարան

Մասիսի համայնքապետարանը տեղեկացնում է. 

Այսօր Մասիսի համայնքապետարանում անցկացվեց համայնքի կողմից 2026 թվականի համար ներկայացված սուբվենցիոն ծրագիր-հայտերի հանրային քննարկումը։

Քննարկմանը մասնակցում էին համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ, համայնքի ավագանու անդամներ, վարչական ղեկավարներ և բնակիչներ։

Ողջունելով ներկաներին՝ համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը նշեց, որ ներկայացված ծրագրերը միտված են համայնքի բոլոր բնակավայրերում առաջնահերթ խնդիրների լուծմանը՝ ենթակառուցվածքների բարելավման, սոցիալական և տնտեսական զարգացման խթանման նպատակով։

Ծրագրերը մանրամասն ներկայացրեց համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ (զարգացման և ներդրումների գծով) Անգելինա Խաչատուրյանը, ով անդրադարձավ յուրաքանչյուր հայտի բովանդակությանը, ակնկալվող արդյունքներին և համաֆինանսավորման պայմաններին։

Ներկայացված ծրագրերում ընդգրկված են Մասիս համայնքի կազմում ներառված բնակավայրերի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները։

Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագիրը համայնք-պետություն հորիզոնական համագործակցության արդյունավետ ձևաչափ է։

Կախված ծրագրի ոլորտից, առանձնահատկություններից, աշխարհագրական դիրքից և տվյալ համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա ազդեցությունից՝ պետական բյուջեից համաֆինանսավորվում է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի ընդհանուր արժեքի որոշակի տոկոսը։

Քննարկման ընթացքում Ն. Հակոբյանը պատասխանեց հնչեցված մի շարք հարցերի՝ ներկայացնելով ծրագրերի իրականացման հաջորդականությունն ու վերահսկողության մեխանիզմները։

​​​​​​

https://www.facebook.com/share/r/1C6bsX24oJ/