news-details
Արարատյան Պատմություններ

Բացահայտիր Արարատը - Լանջազատ. Դրախտավայր Ազատ գետի հովտում

Լանջազատը գեղատեսիլ և յուրօրինակ բնակավայր է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում:

Այս հոյակապ գյուղն իր պատմական արմատներով կապված է Պարսկահայաստանի Խոյ և Սալմաստ գավառների հետ, որտեղից էլ գաղթել են տեղի բնակիչների նախնիները:

Ժամանակին բնակավայրը կրել է մի քանի անվանումներ՝ Ջանաթլու, Շանաղլու, Զովաշեն և Շահնապլու: Հատկանշական է, որ թաթարերեն «Ջանաթլու» բառը թարգմանաբար նշանակում է «դրախտավայր», ինչը պատահական չէ. գյուղն իսկապես աչքի է ընկնում իր զով, մաքուր օդով և բնական գեղեցկությամբ:

Ըստ ժողովրդական ավանդության՝ հնում թագավորի հիվանդ դստերը՝ Անահիտին, բուժման նպատակով հաճախ են տարել Գառնի, և հենց այս տարածքում կանգ առնելիս աղջիկն իրեն այնքան լավ է զգացել ու նրա ախորժակն այնքան է բացվել, որ խնդրել է հորն այստեղ բնակատեղի հիմնել, որն անվանել են Անահտական:

ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1940 թվականի հրամանագրով գյուղը վերանվանվել է Զովաշեն, իսկ 1967 թվականին ստացել է իր ներկայիս՝ Լանջազատ անվանումը:

​Լանջազատն առաջին հերթին աչքի է ընկնում իր աշխարհագրական դիրքով և հիասքանչ համայնապատկերով. գյուղի ամենաբարձր տեղանքից հստակ և գեղեցիկ տեսանելի է հարևանությամբ կառուցված Ազատի ջրամբարը:

Գյուղի տարածքով հոսում է Ազատ գետը: Այս ամենը բնակավայրին տալիս է առանձնահատուկ հմայք, ինչը գրավում է բնության սիրահարներին: Տեղի մարդկանց բնավորության գլխավոր առանձնահատկությունն իրենց աշխատասիրությունն ու տոկունությունն է: Լինելով չոր և խիստ ցամաքային կլիմայական գոտում, որտեղ ամռանը ջերմաստիճանը հասնում է մինչև 42°C և հաճախակի են լինում գյուղատնտեսությանը վնասող խորշակները, լանջազատցիները երբեք չեն հանձնվում: Նրանք իրենց քրտնաջան աշխատանքի շնորհիվ կիսաանապատային բնական լանդշաֆտները վերածել են կուլտուր-ոռոգելի կանաչապատ տարածքների:

Այս հյուրընկալ և կամային մարդիկ ստեղծել են արդյունավետ տնտեսություն, որտեղ յուրաքանչյուրն իր սերն ու եռանդն է դնում հողի մշակման մեջ:

​Գյուղի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է, որտեղ առաջատարը բուսաբուծությունն է: Համայնքի հողերի զգալի մասն օգտագործվում է որպես վարելահողեր, պտղատու և խաղողի այգիներ: Բնակիչները մեծ հաջողությամբ զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ և բանջարաբուծությամբ՝ մշակելով հացահատիկ ու ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ: Բացի այդ, շնորհիվ ընդարձակ արոտավայրերի և խոտհարքների, գյուղում մեծ թափով զարգացած է խոշոր և մանր եղջերավոր անանապահությունը:

​Տեղակայման տեսանկյունից Լանջազատը գտնվում է Գեղամա լեռների հարավ-արևմտյան փեշերին՝ Ազատ գետի հովտի ստորին հոսանքի աջ ափին: Այն հեռու է մայրաքաղաք Երևանից 20 կմ դեպի հարավ-արևելք, իսկ մարզկենտրոն Արտաշատից՝ 18 կմ դեպի հյուսիս-արևելք: Գյուղը սահմանակից է Աբովյան, Գետազատ, Բարձրաշեն, Վերին Դվին, ինչպես նաև Կոտայքի մարզի Հացավան և Գառնի համայնքների հողատարածքներին: Բնակավայրը գտնվում է ծովի մակարդակից 965 մետր բարձրության վրա: Լանջազատի աշխարհագրական կոորդինատներն են՝ 40°03′41″N 44°34′40″E: