Այսօր մենք ևս մեկ անգամ գիտակցում ենք, որ մեր պետականության անվտանգությունն ու ապագան կերտվում են նվիրումով, կարգապահությամբ և հայրենիքի հանդեպ անսասան հավատով։
Հայոց բանակը ոչ միայն զինված ուժ է, այլ կամքի, տոկունության և ազգային ինքնության արտահայտություն։ Այն կանգնած է մեր ժողովրդի խաղաղ ապրելու իրավունքի պահպանման առաջնագծում՝ անցնելով ժամանակի փորձությունների միջով և շարունակաբար վերափոխվելով նոր մարտահրավերներին դիմակայելու համար։
Խոնարհվում ենք բոլոր նրանց հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենիքի պաշտպանությանը, և խորին երախտագիտություն ենք հայտնում նրանց, ովքեր այսօր պատվով են կատարում իրենց ծառայությունը։
Թող մեր երկրում հաստատվի խաղաղություն, ամրապնդվի անվտանգությունը, իսկ Հայոց բանակը միշտ մնա ուժեղ, կազմակերպված և վստահելի։
Փա՛ռք Հայոց բանակին...