news-details
Հայաստան

Ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով, - հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

2026 թ․ մարտի 5-ից կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացող և վճարման եղանակի փոփոխության դիմում չներկայացրած քաղաքացիների բանկի ընտրությունը կատարվելու է ինքնաշխատ եղանակով՝ առանց դիմումի։ Ընդ որում, մարտի 5-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկի փոփոխության դիմումներ չեն ընդունվելու։

Տեղեկացնում ենք նաև, որ բանկի կողմից սուրհանդակային ծառայության միջոցով առաքվելու են բացառապես տեղաշարժման սահմանափակում ունեցող քաղաքացիների քարտերը` անհրաժեշտության դեպքում նաև սոցիալական աշխատողների ներկայությամբ։

Բոլոր կենսաթոշակառուները և նպաստառուները, ովքեր իրենց կենսաթոշակը կամ նպաստը դեռևս ստանում են կանխիկ, մինչև 2026 թ․ մարտի 5-ը  պետք է ներկայացնեն վճարման եղանակի փոփոխության դիմումներ՝ առցանց՝ https://online.ssa.am հարթակի միջոցով կամ այցելելով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։