news-details
Արարատի Մարզ

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը. ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով։ 

Ուղերձում ասվում է. 

«Արարատի մարզի սիրելի բնակիչներ,

Ամանորի այս օրերը խորհելու, անցած ճանապարհը արժևորելու և առաջ նայելու հնարավորություն են տալիս։ Տարին, որ ավարտվում է, մեզ համար եղել է աշխատանքի, համախմբվածության և առաջ շարժվելու տարի։ 

Անցնող ժամանակահատվածում մարզում իրականացվել են ծրագրեր, որոնք նպատակ են ունեցել բարելավել մարդկանց կյանքի պայմանները, զարգացնել համայնքները։ 

Շարունակվել են դպրոցաշինական, ճանապարհաշինական, բնակարանային և աջակցման այլ ծրագրերը, ուշադրություն է դարձվել կրթական, մշակութային ու մարզական միջավայրի բարելավմանը։

Այս ամենը հնարավոր է դարձել համատեղ աշխատանքի, պատասխանատվության և փոխադարձ վստահության շնորհիվ։

Ես անկեղծորեն վստահ եմ, որ մեր ուժը միասնականության մեջ է։

Երբ հավատում ենք մեր կարողություններին, երբ հարգում ենք մեր երկիրը և իրար, մենք դառնում ենք ավելի ուժեղ՝ որպես համայնք, որպես մարզ, որպես պետություն։

Այդ վերաբերմունքն է, որ ձևավորում է մեր հեղինակությունն ու արժանապատվությունը նաև աշխարհում։

Ամանորը հույսի և սպասումների տոն է։ Այն հիշեցնում է, որ անգամ բարդ փուլերում կարելի է գտնել լուծումներ, եթե կա կամք և հավատ։ Համոզված եմ, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ Հայաստան՝ սկսելով մեր համայնքներից, մեր ամենօրյա աշխատանքից ու պատասխանատու որոշումներից։

Սիրելի ժողովուրդ, 

Թող Նոր տարին ձեր ընտանիքներին բերի առողջություն, խաղաղություն և վստահություն վաղվա օրվա նկատմամբ, իսկ մեր մարզին՝ շարունակական զարգացում և նոր ձեռքբերումներ։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։