news-details
Արարատի Մարզ

Արարատի մարզում հրդեհ է բռնկվել 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսի տանը․ 3 անչափահաս երեխաներն ու հերոսի ընտանիքը բերագութ մարդկանց օգնության կարիքն ունեն

Այսօր՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզոմ։ Ժամը 14։30-ի սահմաներում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Մասիս խոշորացված համայնքի Նոր Խարբերդ բնակավայրի տներից մեկում հրդեհ է  բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ, նշված բնակավայրի 18-րդ փողոցի թիվ 25 տանը առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են ընտանիքի անդամները, հարևանները ապա ժամանած հրշեջները։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի և գումարտակի ծառայության ավագ տեուչ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արման Պետրոսյանը և Աֆթանդիլ Հակոբյանը։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն տան գույքի մեծ մասը մոխրի է վերածվել, որոշ գույք էլ դարձել է ոչ պիտանի։ Ցավոք մոխրի է վերածվել նաև տան տիրոջ, Արցախյան 44-օրա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս 31-ամյա Անդրանիկ Գևորգյանի փառքի անկյունը։ Միայն հրաշքով չի վառվել հերոսի մեծադիր նկարը։

Ընտանիքը բազմանդամ է, 3 անչափահաս՝ 11-ամյա Դանիելը, 4-ամյա Անդրանիկը, 7-ամյա Էլենը, թոշակառու հայրը և ընտանքի մյուս անդամները, ովքեր այս պահին ժամանակավորապես գիշերելու են իրենց բարեկամների տներում, միչև կարողանան լուծել առաջին անհրաժեշտության պարագաների խնդիրը, այդ թվում մահճակալների ու բազմոցի։ 

SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց, որպեսզի օգնության ձեռք մեկնեն հերոսի ընտանիքին և վստահ է, որ օգնության ձեռք կմեկնեն նաև Արարատի մարզպետարանը, Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հերոս Ա․ Գևորգյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին։