news-details
Արարատյան Պատմություններ

Արարատյան պատմություններ -Արմաշ. Պատմական արմատներով և հարուստ տնտեսությամբ բնակավայր

Արմաշը Հայաստանի յուրօրինակ բնակավայրերից է, որն աչքի է ընկնում իր պատմական արմատներով և սոցիալ-մշակութային բացառիկ կառույցներով:

Գյուղի գլխավոր առանձնահատկություններից մեկը սանիտարական կուլտուրայի թանգարանն է, որը միակն է իր տեսակի մեջ Հայաստանի գյուղական բնակավայրերում:

Բացի այդ, բնակավայրն ունի խորը հոգևոր կապ պատմական հայրենիքի հետ. այն հիմնադրվել է 1926 թվականին Կոստանդնուպոլսից գաղթածների կողմից և կրում է Նիկոմեդիայի հայտնի Արմաշի դպրեվանքի անունը:

Տեղանունն ինքնին «Մարաշ» անվանման ձևափոխված տարբերակն է, որն առաջացել է կա՛մ բարբառային արտասանությունից, կա՛մ միտումնավոր կերպով՝ իշխանական արգելքները շրջանցելու նպատակով:

Արմաշեցիներն առանձնանում են իրենց աշխատասիրությամբ ու կազմակերպվածությամբ. նրանք հմուտ այգեգործներ, խաղողագործներ և մեղվաբույծներ են:

​Կլիմայական պայմանները գյուղում չոր խիստ ցամաքային են: Ձմեռը սկսվում է դեկտեմբերի կեսերին, իսկ հունվարյան ջերմաստիճանը կարող է նվազել մինչև -34 աստիճան: Ամառը տևական է և շոգ՝ մայիսից մինչև հոկտեմբեր, երբ օդի ջերմաստիճանը հասնում է 40-43 աստիճանի:

Տարեկան տեղումների քանակը սակավ է՝ 250-300 մմ, ինչի պատճառով համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:

​Տնտեսության առաջատար ճյուղը գյուղատնտեսությունն է, հատկապես բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 1416 հեկտար, որից 640 հա-ն վարելահողեր են, իսկ մնացած մասը զբաղեցնում են պտղատու և խաղողի այգիները:

Բնակիչները մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ և սեխ, ինչպես նաև հացահատիկ: Զարգացած է նաև կաթնամսատու անասնապահությունը:

Համայնքն աչքի է ընկնում իր արհեստական լճակներով, որոնք հանդիսանում են հանրապետության խոշորագույն ձկնաբուծարաններից։

Արմաշի ձկնաբուծական լճակները հայտնի են նաև որպես կարևոր էկոհամակարգ, որտեղ հանդիպում են բազմաթիվ ջրլող թռչուններ, ինչը տարածքը գրավիչ է դարձնում նաև էկոտուրիզմի և թռչնադիտարկման սիրահարների համար։

Կոորդինատներ. 39°46′00″ հս․ լ․ 44°48′30″ ավ․ ե․։