news-details
Արարատյան Պատմություններ

Արարատյան պատմություններ- Ռանչպար գյուղ. Հողի մշակների և սահմանապահների բնակավայր

Ռանչպար գյուղը գտնվում է Հայաստանի Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից 10–12 կմ հարավ-արևմուտք։

Այն ունի սահմանամերձ դիրք Թուրքիայի հետ։ Մարզկենտրոն Արտաշատից գտնվում է 26 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Երևանից՝ 20 կմ հեռավորության վրա։ 

​Բնակավայրը հիմնադրվել է 1873 թվականին։ Նախկինում ունեցել է Շոռ Քյոլանլու, Զաֆարխան, Ռանչբար, Ռաշպար անվանումները։ «Ռանչպար» անունը պարսկերենից թարգմանաբար նշանակում է մշակ կամ հողագործ։

Գյուղն ընկած է Մերձարաքսյան գոգավորությունում՝ Մեծամոր և Արաքս գետերի միջագետքում, և գտնվում է ծովի մակարդակից 830 մ բարձրության վրա։

​Ռանչպարի կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից մինչև -5 °C: Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմաստիճանը հասնում է 24-ից 26 °C-ի, իսկ առավելագույնը կարող է հասնել 42 °C-ի։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում։ Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը 250–300 մմ է։

Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։

Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Նախկինում բնակավայրը բնակեցված է եղել ադրբեջանցիներով, սակայն 1988 թվականից այստեղ հաստատվել են Բաքվից և Գանձակից բռնագաղթած հայեր։

Ապրելով անմիջապես Թուրքիայի հետ սահմանին՝ նրանք ամենօրյա քրտնաջան աշխատանքով, անասնապահությամբ ու ձկնաբուծությամբ ամուր պահում են հայրենի սահմանը։

​Այժմ գյուղն ունի 377 տնտեսություն, դպրոց, գրադարան և բուժկետ։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, և համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։

 Այստեղ մշակում են ջերմասեր բանջարաբոստանային և հացահատիկային կուլտուրաներ։

Համեմատաբար ընդարձակ մակերես են զբաղեցնում արոտավայրերը՝ շուրջ 154,2 հա, ինչպես նաև կան խոտհարքեր։

Բնակիչները զբաղվում են նաև կաթնատու անասնապահությամբ։ Բացի այդ, գյուղն ունի ձկնաբուծական տնտեսություն, սակայն արդյունաբերություն չունի։

​Գյուղի ընդհանուր մակերեսը կազմում է 10,69 կմ²:

Ռանչպարը պարզապես կետ չէ Արարատյան դաշտի քարտեզի վրա, այլ հայ ժողովրդի տոկունության, աշխատասիրության և վերածննդի յուրօրինակ խորհրդանիշ:

Ռանչպար բնակավայրի աշխարհագրական կոորդինատներն են՝ 40°01′31″N 44°22′13″E: