Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն, ինչպես նաև աշխարհի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը պատրաստվում է նոր և բավականին յուրահատուկ մարտահրավերի։ 26-ամյա հայ մարզիկը մարտի 28-ին Երևանում, Tashir Arena-ում, կմասնակցի Hype FC մրցաշարին։
Կազմակերպության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Հարությունյանի մրցակիցը կլինի Ղազախստանը ներկայացնող պրոֆեսիոնալ մարտիկ Բագդատ Ժուբանիշը, ով առավել հայտնի է խառը մենամարտերում (MMA) ունեցած իր ելույթներով։
Հատկանշական է, որ տարբեր մարզաձևեր ներկայացնող այս երկու մարզիկների հանդիպումը կանցկացվի բացառապես ըմբշամարտի կանոններով։
Չնայած Ժուբանիշը հանդես է գալիս օկտագոնում և արդեն ունի 9 հաղթանակ ու ընդամենը 1 պարտություն, նրա մարտարվեստի հիմնական ուժեղ կողմը համարվում է հենց ըմբշամարտը։