news-details
Արարատի Մարզ

Ավտովթար՝ Արարատի մարզում․ Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է բնակչի հողամասում․ կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 03։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 24-ամյա Արման Ղ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 25-ամյա Հայկ Ս․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է բնակչի հողամասում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հայկ Ս․-ի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Ռոմիկ Ս․-ն և Արման Ղ․-ի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 46-ամյա Ալինա Ղ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Լևոն Լևոնյանը և պարեկ Արթուր Քարամյանը։

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։