Այսօր՝ փետրվարի 9-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 11։55-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Արտաշատ քաղաքի մուտքի մոտ Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Թ․-ն իր վարած «Hyundai Ioniq» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Արարատի մարզի բնակիչներ 28-ամյա Կարեն Բ․-ի վարած «Opel» մակնիշի, 41-ամյա Գարիկ Դ․-ի վարած «Ford» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Մ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով վերջինի վարորդը վրաերթի է ենթարկվել, իսկ «Opel»-ներից մեկը կիսակողաշրջված հայտնվել է ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel»-ի գազաբալոնի փականը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ֆելիքս Ասատրյանը և կրտսեր պարեկ Արմեն Մանուկյանը։
Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
