news-details
Արարատյան Պատմություններ

Բացահայտիր Արարատը - Կաթնաղբյուր. Լեռնային գյուղատեղիի գաղտնիքները

Կաթնաղբյուր գյուղատեղին Արարատի մարզի և ընդհանուր առմամբ Հայկական լեռնաշխարհի միջնադարյան բնակավայրերի տիպիկ և չափազանց արժեքավոր օրինակ։

 Գյուղատեղին սփռված է լեռնային բարձրադիր գոտում, որտեղ բնական պայմանները՝ սառնորակ աղբյուրներն ու հարուստ արոտավայրերը, դարեր շարունակ նպաստավոր միջավայր են ստեղծել մշտական բնակության համար։

Տեղանքի անվանումը՝ Կաթնաղբյուր, ուղղակիորեն կապված է հորդառատ և մաքուր աղբյուրների հետ, որոնք հնում համարվել են բուժիչ և սուրբ։

​Պատմական շերտերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բնակավայրը վերելք է ապրել հատկապես 12-17-րդ դարերում։

Այս շրջանից մեզ են հասել բազմաթիվ խաչքարեր և տապանաքարեր, որոնք աչքի են ընկնում զարդանախշման յուրահատուկ ոճով։ Դրանց վրա պատկերված հավերժության նշանները, բուսական մոտիվները և խաչային հորինվածքները վկայում են տեղի քարգործական դպրոցի բարձր մակարդակի մասին։

Հատկանշական է, որ 2019 թվականին պետական հոգածության շրջանակներում իրականացված «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շնորհիվ տարածքում գտնվող մի շարք թեքված կամ ընկած հուշարձաններ ուղղվել և ամրակայվել են, ինչը փրկել է դրանք վերջնական կորստից և հողմահարումից։

Գյուղատեղիում պահպանվել են նաև 19-20-րդ դարերի շինությունների հետքեր, քանի որ գյուղը վերաբնակեցվել է նաև ուշ միջնադարից հետո և գործել մինչև անցյալ դարի կեսերը, երբ խորհրդային տարիների խոշորացման քաղաքականության արդյունքում բնակիչները տեղափոխվեցին հարթավայրային բնակավայրեր։

​Տարածքի ճարտարապետական պատկերը լրացնում են հին տների հիմնապատերը, որոնք կառուցված են տեղական կոպտատաշ քարերով։ Դրանք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել լեռնային բնակավայրի կառուցվածքի և տնտեսավարման ձևերի մասին, որտեղ առաջնային դերը պատկանել է անասնապահությանը։

Այսօր գյուղատեղին ոչ միայն պատմական հուշարձան է, այլև կարևոր կետ էկոտուրիզմի և քայլարշավային երթուղիների համար, որոնք ձգվում են դեպի Գեղամա լեռների ստորոտները։

Տեղանքը հարուստ է նաև հնագիտական պոտենցիալով, քանի որ հողաշերտի տակ դեռևս կան չուսումնասիրված կառույցներ և մշակութային արժեքներ։

Տեղակայումը. Կաթնաղբյուր գյուղատեղին գտնվում է Ավշար համայնքից մոտ 29 կմ դեպի հյուսիս-արևելք։ Այն սփռված է Վեդի գետի ակունքների շրջանում՝ լեռնային գեղատեսիլ մի վայրում։

Կոորդինատներ. 39.9572° N, 44.9754° E

Լուսանկարները `Հուշարձանների պահպանության Արարատի մարզային ծառայության