news-details
Արարատյան Պատմություններ

Բացահայտիր Արարատը - Լուսաշողի Սուրբ Հովհաննես եկեղեցի

Արարատի մարզի Լուսաշող համայնքի կենտրոնում է գտնվում տարածաշրջանի ամենաինքնատիպ հոգևոր կառույցներից մեկը՝ Սուրբ Հովհաննես եկեղեցին: Չնայած ժամանակի ընթացքում եկեղեցին կրել է զգալի կորուստներ, այն մնում է որպես համայնքի պատմական հիշողության և մշակութային ժառանգության անբաժանելի մասը:

Եկեղեցին թվագրվում է 17-19-րդ դարերով: Այն գյուղի հիմնական հոգևոր կենտրոնն է: Դժբախտաբար, տարիների ընթացքում բուն եկեղեցու շենքը ավերվել է և այժմ գտնվում է հիմնավեր վիճակում։ Այսօր համալիրից կանգուն է մնացել միայն զանգակատունը, որն իր ճարտարապետական լուծումներով առանձնահատուկ շուք է հաղորդում տարածքին։

Սուրբ Հովհաննես եկեղեցին ներկայումս ներառված է մարզի առավել վտանգված հուշարձանների ցանկում: Կանգուն մնացած զանգակատունը ունի հրատապ ամրակայման և մասնագիտական միջամտության կարիք՝ հետագա փլուզումներից խուսափելու համար։

 

Հուշարձանի պահպանության և նրա նախնական տեսքի վերականգնման հեռանկարով՝ 2021 թ. աշնանը եկեղեցու տարածքում իրականացվել են կարևոր հնագիտական ուսումնասիրություններ և պեղումներ:

Եկեղեցին գտնվում է Լուսաշող համայնքի բնակելի գոտու կենտրոնում, ինչը այն դարձնում է հասանելի զբոսաշրջիկների և ուխտավորների համար:

Կոորդինատները. 39.85194° N, 44.96528° E