news-details
Արարատյան Պատմություններ

Բացահայտիր Արարատը - Մխչյանի Սուրբ Հովհաննես եկեղեցի. Հոգևոր զարթոնքի ճանապարհը

Մխչյան գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցին Արարատի մարզի պատմամշակութային արժեքավոր կառույցներից մեկն է, որի հիմնադրումը թվագրվում է 1890 թվականով։

Ըստ պահպանված արձանագրությունների՝ եկեղեցին անխափան գործել է մինչև 1930-ական թվականները, որից հետո խորհրդային իշխանության տարիներին, կիսելով բազմաթիվ հոգևոր օջախների ճակատագիրը, վերածվել է պահեստի։

Եկեղեցու վերածնունդը սկսվել է 1980-ական թվականներին, երբ այն կրկին բացվել է հավատացյալների առջև։

Տաճարի հիմնական վերանորոգման գործընթացը նոր թափ է ստացել 2008 թվականին՝ գյուղի այցելու հովիվ Տեր Ղազար Պետրոսյանի և մի խումբ նվիրյալ հավատացյալների նախաձեռնած դրամահավաքի շնորհիվ։

Վերականգնման աշխատանքները 2010 թվականին հաջողությամբ ավարտին են հասցվել տեղաբնակ բարերար Արգամ Աբրահամյանի ջանքերով։

Արդյունքում եկեղեցին հիմնովին վերանորոգվել է թե՛ ներսից, թե՛ դրսից, տարածքը ցանկապատվել ու կանաչապատվել է, իսկ ճարտարապետական համալիրը համալրվել է նորակառույց փոքրիկ զանգակատնով և Սուրբ Սեղանով։

Եկեղեցու կյանքում շրջադարձային էր 2012 թվականի ապրիլի 13-ը, երբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ կատարվեց նավակատիքի արարողությունը՝ օծելով խաչը, դռները, սյուներն ու մկրտության ավազանը։

Հաջորդ օրը՝ ապրիլի 14-ին, Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը, տեղի ունեցավ տաճարի հանդիսավոր օծումը։

Ներկայումս եկեղեցու հոգևոր հովիվն է Տեր Միքայել քահանա Նուրիջանյանը։

Կառույցը գտնվում է  Արարատի մարզի Մխչյան գյուղի կենտրոնական հատվածում։ 

Կոորդինատներն են՝ 39.9722° N, 44.4758° E

Լուսանկարները `Հուշարձանների պահպանության Արարատի մարզային ծառայության