news-details
Արարատյան Պատմություններ

Բացահայտիր Արարատը - Մրգավանի Հուշաղբյուր-Հուշարձան ​

Այս հուշարձան-աղբյուրը գտնվում է Հայաստանի Արարատի մարզի Մրգավան գյուղում և  բնակավայրի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկի կարևոր մասերից մեկն է։

Հուշարձանը կառուցվել է 1960 թվականին՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում (Երկրորդ աշխարհամարտում) զոհված համագյուղացիների, ինչի մասին վկայում է կամարաձև խորշի վերնամասում փորագրված «Հայրենական պատերազմում զոհվածներին. Հուշաղբյուր 1941-1945, 1960 թ.» գրությունը։

​Ճարտարապետական լուծումներով այն ներկայացնում է փոքրիկ կառույց՝ զարդարված հայկական ավանդական զարդանախշերով։

Հուշարձանն ունի երկթեք տանիք և կամարակապ հորինվածք, որը հենվում է երկու դեկորատիվ սյուների վրա։

Ջրի ծորանը տեղադրված է կենտրոնական մասում՝ շրջանակված արևի խորհրդանիշ հիշեցնող կլոր վարդյակով, իսկ ստորին հատվածում գտնվող գուռի ճակատային մասին քանդակված են պտղաբերության խորհրդանիշներ՝ խաղողի ողկույզ և տանձ։

​Հուշաղբյուրը տեղակայված է Մրգավան գյուղի կենտրոնական հատվածում՝ հասարակական նշանակության տարածքում, ինչը հնարավորություն է տալիս բնակիչներին և անցորդներին մշտապես հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին։ 

Այն ընդգրկված է Հայաստանի կառավարության կողմից 2002 թվականին հաստատված պաշտոնական ցուցակում և պահպանվում է պետության կողմից որպես տեղական նշանակության պատմական արժեք։

Կոորդինատներն են՝ 39.992224, 44.524855