news-details
Արարատյան Պատմություններ

Բացահայտիր Արարատը - Քսուզ ամրոց. Ժայռափոր անառիկություն Արարատի սրտում

Քսուզ ամրոց-զորակայանը միջնադարյան Հայաստանի պաշտպանական ճարտարապետության եզակի և քիչ բացահայտված գոհարներից է, որը վեր է խոյանում Արարատի մարզի պատմական Քսուզ գյուղատեղիի բարձրադիր ու դժվարամատչելի ժայռերի կատարին:

Այս հնամենի ամրոցը թվագրվում է 10-13-րդ դարերով՝ մի ժամանակաշրջանով, երբ տարածաշրջանը գտնվում էր հայկական իշխանական տների հզորացման և պաշտպանական համակարգերի կատարելագործման փուլում:

Այն տեղակայված է Մանկուք գետի աջ ափին, որտեղ բնական ռելիեֆը՝ ուղղաձիգ ժայռերն ու խորը անդունդները, եղել  են կառույցի անառիկության գլխավոր երաշխիքը:

​Ամրոցի ճարտարապետական հորինվածքը վկայում է միջնադարյան վարպետների հմտության մասին, ովքեր կարողացել են օրգանապես միաձուլել մարդակերտ պատերը բնական ժայռապատնեշներին:

Կառույցի զգալի մասը փորված և հարմարեցված է հենց ժայռի մեջ՝ օգտագործելով բնական քարանձավներն ու խորշերը որպես ռազմավարական նշանակության սենյակներ և կացարաններ:

Սա ապահովել է լրացուցիչ պաշտպանություն նույնիսկ այն դեպքում, եթե արտաքին պարիսպները ճեղքվեին։

Պահպանված պարսպապատերը, որոնք կառուցված են տեղական կոպտատաշ քարերով և ամուր կրաշաղախով, մինչ օրս փաստում են զորակայանի երբեմնի հզորության մասին:

Որպես բերդ-զորակայան, այն ոչ միայն ծառայել է որպես ապաստարան շրջակա բնակավայրերի համար, այլև եղել է կարևորագույն դիտակետ, որը վերահսկել է լեռնային կիրճերով անցնող ռազմավարական ճանապարհները:

Քսուզ ամրոցը վկայում է , թե որքան խիտ է բնակեցված եղել Արարատի մարզի լեռնային գոտին միջնադարում։

Այն մտնում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքների հուշարձանների խմբում, ինչը նրան տալիս է նաև բնապահպանական և տուրիստական մեծ արժեք։

Այսօր ամրոցը գտնվում է կիսավեր վիճակում։ Այստեղ  զբոսաշրջիկները քիչ են այցելում իր դժվարամատչելիության պատճառով, ինչը, սակայն, օգնել է պահպանել դրա վայրի և նախնական տեսքը։

Տեղակայումը. Գտնվում է Արարատի մարզում, Եղեգնավան համայնքի Քսուզ գյուղատեղիի (լքված բնակավայրի) բարձրադիր մասում:

Կոորդինատները. 39.992222°N, 44.895556°E

Լուսանկարները `Հուշարձանների պահպանության Արարատի մարզային ծառայության