news-details
Մասիս

Գրքի տոնը Մասիսի կենտրոնական գրադարանում ․Մասիսի համայնքապետարան

Մասիսի համայնքապետարանը տեղեկացնում է. 

Այսօր Մասիսի կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառում և թվային սարքավորումների ու կահույքի հանձնման արարողություն՝ ընդգծելով կրթության, մշակույթի և թվային ներառման կարևորությունը համայնքների զարգացման գործում։

Միջոցառմանը ներկա էին Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Մասիսի համայնքապետարանի, Գերմանիայի և Շվեյցարիայի դեսպանությունների, Գյոթե ինստիտուտի, GIZ-ի, ինչպես նաև Մասիս համայնքի 12 գրադարանների ներկայացուցիչներ։ 

Ողջունելով և շնորհավորելով ներկաներին՝ Նորայր Հակոբյանը նշեց. «Օրը բացառիկ խորհուրդ ունի՝ Գրքի տոնը։ Գիրքը մարդկության հիշողությունն է, գիտելիքի աղբյուրը, մտքի և հոգու սնունդը։ Այն սերունդներին կապող կամուրջ է, մեր ազգային ինքնության և մշակույթի պահպանման կարևորագույն հենասյուներից մեկը»։
Համայնքի ղեկավարն ընդգծեց, որ գիրքը միայն տեղեկատվություն փոխանցող միջոց չէ․ այն ձևավորում է մտածողություն, արժեքներ և աշխարհայացք։ «Կարդացող մարդն ազատ մարդ է․ նա կարողանում է վերլուծել, ընտրել, որոշել և կերտել իր ապագան»,– հավելեց նա։
Ն․ Հակոբյանը նաև նշեց, որ Մասիս համայնքում կրթության և մշակույթի զարգացումն առաջնահերթություն է, և համայնքապետարանը շարունակելու է գրադարաններում և մշակութային հաստատություններում ստեղծել անհրաժեշտ պայմաններ, որպեսզի հատկապես երեխաներն ու երիտասարդները սիրեն գիրքը, ընթերցեն և զարգանան, քանի որ համայնքի ապագան կրթված, մտածող և ստեղծագործ սերունդն է։
Համայնքի ղեկավարը կարևորեց և շնորհակալություն հայտնեց միջազգային կառույցներին՝ շարունակական համագործակցության համար։

Արարողության ընթացքում Մասիսի կենտրոնական գրադարանին և Մասիս համայնքի ևս 11 գրադարանների պաշտոնապես հանձնվեցին 70 էլեկտրոնային ընթերցիչ, 26 համակարգիչ, դեմքի նույնականացման 13 սարք, NFC սարքավորումներ և 26 գրասեղան։ Նոր սարքավորումները կօգնեն գրադարաններին՝ հանրությանը մատուցելու ժամանակակից, ներառական և հասանելի ծառայություններ։

Սարքավորումները տրամադրվել են Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների աջակցությամբ՝ «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման» (GGLD) ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։ Ծրագիրն ազգային և տեղական մակարդակներում խորհրդատվություն և աջակցություն է տրամադրում գործընկեր կազմակերպություններին՝ տեղական կառավարման բարելավման նպատակով։

Սույն նախաձեռնության նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ինտեգրմանը՝ միաժամանակ բարելավելով հյուրընկալող համայնքների բարօրությունը՝ կրթության, սոցիալական շփումների և մշակութային ներգրավվածության հնարավորությունների ընդլայնման միջոցով։ 

Միջոցառումը նաև նշանավորեց Գյոթե ինստիտուտի հետ համագործակցության ամրապնդումը՝ խթանելով միջազգային մշակութային փոխանակումը և գրադարանների միջև մասնագիտական համագործակցությունը։

Մշակութային ծրագիրը ներառում էր Գյոթե ինստիտուտի կողմից գրադարանային համագործակցության վերաբերյալ ներկայացում և գերմանական գրական ստեղծագործության ընթերցում, գրող Արփի Մաղաքյանի ինտերակտիվ հեքիաթի ընթերցում։ Միջոցառումը ներառեց նաև գրքերի մասին կարճ թեմատիկ ֆիլմի դիտում, երաժշտական կատարում և Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների ընթերցում։

Միջոցառումն ավարտվեց Գերմանիայի և Շվեյցարիայի դեսպանությունների, Գյոթե ինստիտուտի, GIZ-ի և Մասիսի կենտրոնական գրադարանի ներկայացուցիչների կողմից գրքերի խորհրդանշական հանձնումով՝ որպես նվեր ներկա և ապագա սերունդներին։

Պահպանելով ձևավորված ավանդույթը` Մասիսի կենտրոնական գրադարանին գրքեր նվիրեց նաև Մասիս համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմինը։

https://www.facebook.com/share/r/1EAysK5zUQ/