Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը շարունակում է աշխատանքային այցելությունները խոշորացված համայնքի բնակավայրեր։ Այսօր հերթական հանդիպումը Զորակ բնակավայրում էր։
Զորակցիների բարձրաձայնած խնդիրներն ու մտահոգությունները գրեթե նույնն էին, ինչ հարևան բնակավայրերում՝ փողոցների բարեկարգում, լուսացույցերի տեղադրում, գերեզմանատան տարածքի պարսպապատում և մի շարք այլ հարցեր։
Համայնքի ղեկավարը լսեց բնակիչների կողմից ներկայացված խնդիրներն ու առաջարկները, տվեց անհրաժեշտ պարզաբանումներ, ինչպես նաև դիտարկեց առաջարկված լուծումների հնարավոր տարբերակները։
Նորայր Հակոբյանը կարևորեց բնակիչների հետ ժամանակին, բաց ու անկեղծ շփումը՝ ընդգծելով, որ համայնքապետարանը հետևողականորեն ուսումնասիրելու է բարձրացված խնդիրները և քայլ առ քայլ իրականցնելու է դրանց լուծումները։
Այցի շրջանակում համայնքի ղեկավարը այցելեց նաև մանկապարտեզ, հանդիպեց աշխատակազմի հետ և բարեմաղթանք գրեց խորհրդանշական տոնածառի վրա։
Ն. Հակոբյանը ծանոթացավ նաև Զորակում կառուցվող համայնքային կենտրոնի շինարարական աշխատանքներին, որոնք իրականացվում են Մասիսի համայնքապետարան–ՄԱԶԾ համագործակցության արդյունքում։
Համայնքի ղեկավարը կարևորեց կենտրոնի կառուցումը, որը կդառնա հավաքատեղի, հանդիպումների վայր Արցախից տեղահանված մեր հայրենակիցների և տեղացի բնակիչների համար։
