Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն այսօր Մխչյան բնակավայրում ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում զոհված Տարոն Անդրեասյանի անվան պուրակում և իր խոնարհումն է բերել հերոսին։
Տարոնը, ով այսօր կբոլորեր իր 32–ամյակը, 44–օրյա պատերազմի առաջին իսկ օրերից կամավոր մեկնել էր առաջնագիծ։ Հանրությանը նա հայտնի է դարձել մի տեսանյութից, որտեղ հայտնվելով շրջափակման մեջ, հրաժարվել է գերի հանձնվել, միայնակ կռվել է ադրբեջանցիների դեմ և զոհվել:
«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Տարոնի ու մյուս եղբայրների հիշատակին։ Շնորհավորում եմ Տարոն Անդրեասյանի երկնային ծնունդը։ Նա հայրենասիրության վառ օրինակ է և նաև նրա ու մեր մյուս եղբայրների ու հայրերի թողած հայրենասիրության դասերով պիտի դաստիարարակվեն հետագա սերունդները։»՝ իր խոսքում նշեց համայնքի ղեկավարը։
Տարոն Անդրեասյանի անվան պուրակում էին նրա ծնողները, համայնքապետարանի աշխատակիցներ, համագյուղացիներ, բարեկամներ և հարազատներ, ինչպես նաև Տարոնի պատվին անվակոչված փոքրիկները։

