news-details
Արարատի Մարզ

Խարբերդում բախվել են «Mercedes G55»-ն ու «Ford Focus»-ը. 2 վիրավորներից մեկն անչափահաս է

Այսօր՝ փետրվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16:10-ի սահմաններում Խարբերդ 1-ին փողոցում բախվել են «Mercedes G55» ու «Ford Focus» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը՝ անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Mercedes»-ի վարորդն ու ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։