news-details
Մասիս

Մասիս համայնքում բացահայտվել են կեղծ ալկոհոլի արտադրամասեր. ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրության երկու դեպք, երկուսն էլ՝ ալկոհոլային խմիչքի արտադրության հետ կապված։

Մարտի 5-ին Մասիսի համայնքային ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկության հիման վրա մեկնեցին Նոր Կյուրին գյուղ։ 55-ամյա տղամարդու տանը հայտնաբերվեցին մեծ քանակի տակառներ ու շշեր՝ լցված սպիրտային նյութով, ինչպես նաև թորման տարատեսակ սարքեր։

Տանտերը հայտնեց, որ հայտնաբերվածն իրենն է և արդեն մեկ տարի զբաղվում է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ։

Նման տեղեկություն էլ Մասիսի համայնքային ոստիկանները իրացրել են մարտի 19-ին։

Այնթապ գյուղի բնակիչ 70-ամյա տղամարդու այգում գտնվող շինությունում հայտնաբերվել են թորման և ալկոհոլային խմիչք պատրաստելու սարքեր։

Տանտերը ընդունել է, որ պատրաստել և տարբեր անձանց իրացրել է օղի։

Երկու դեպքով էլ Մասիսի քննչական բաժնում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ։