news-details
Մասիս

Մասիսի աղբավայրը մի իսկական պատուհաս է դարձել հարյուր հազարավոր բնակիչների գլխին

Տևական ժամանակ է՝ Մասիս քաղաքի և դրան հարակից գյուղերի, ինչպես նաև Երևան քաղաքի Էրեբունի զանգվածի, Նուբարաշեն վարչական շրջանի հազարավոր բնակիչներ ուզում են հասկանալ, թե վերջապես երբ է Մասիսի տարածքում գոյություն ունեցող աղբավայրը վերացվելու։

Արդեն երկար ու ձիգ տարիներ է՝ այդ աղբավայրը, որի տարածքը Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանը վարձակալական հիմունքներով տվել է իր ազգականին, ու այդ օրվանից երբ այդ հատվածում սկսեց շահագործվել աղբավայրը, ամբողջ Մասիսի քաղաքում, Մասիսին հարակից գյուղերում, անգամ Արտաշատ քաղաքում, Երևանի Էրեբունի զանգվածում ու Նուբարաշեն վարչական շրջանում մարդիկ շնչում են այդ վտանգավոր ու թունավոր ծուխը։ 

Քամին Մասիսի աղբավայրից դուրս եկած ծուխը հասցնում է այդ վայրեր։

Բնակիչները բազմաթիվ անգամներ դիմել են պատկան մարմիններին՝ խնդրելով, որպեսզի վերացնեն այդ անտանելի աղբավայրը, սակայն ոչ մի դրական արդյունք։

Բազմաթիվ անգամներ աղբավայրում առաջացած հրդեհն իր սև գործն է արել հարյուր հազարավոր բնակիչների նկատմամբ։

Կրակի դեմ անգամ օրերով ու շաբաթներով պայքարել են դեռ Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, գեներալ-մայոր երջանկահիշատակ Արմեն Երիցյանը, ԱԻՆ նախկին նախարար, գեներալ-մայոր Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ, Փրկարար ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը, Մասիսի նախկին քաղաքապե Դավիթ Համբարձումյանն՝ իր ողջ աշխատակազմով, հիմա արդեն Մասիսի ներկայիս քաղաքապետ Նորայր Հակոբյանը, հարյուրավոր հրշեջներ Մասիսից, Արտաշատից, Արարատից, Վեդիից, Երևանի հրշեջ-փրկարարներ, ու ամեն անգամ այդ մարդկանց հաջողվել է կրակի դաժան լեզուների դեմ պայքարում հաղթող դուրս գալ։

Բայց միևնույն է, աղբավայրը շարունակում է իր սև գործն անել։ 

Բնակիչներն անգամ նշում էին, որ ցանկանում են դիմել ամենակտրուկ միջոցների՝ ընդհուպ փակելով Երևան-Երասխ ավտոճանապարհը, սակայն այդ քայլին չեն դիմել, որովհետև հավատացել են Մասիսի նախկին քաղաքապետ Դ. Համբարձումյանին, ներկայիս քաղաքապետ Ն. Հակոբյանին, ովքեր անում են ամեն ինչ, որպեսզի հարցը լուծվի ի շահ ազգաբնակչության։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նույնիսկ Մասիսի քաղաքապետարանը վարձակալության մասին պայմանագիրը չեղյալ համարելու համար դիմել է դատարան և ի զարմանս հարյուր հազարավոր բնակիչների, դատարանը չի բավարարել Մասիսի քաղաքապետարանի խնդրանքը, ինչից հետո հիմա քաղաքապետարանը պատրաստվում է բողոքարկել որոշումը։

Ինչպես նշում էին բնակիչները, դատավորը եթե որոշումը կայացնելուց առաջ գոնե մեկ րոպեով ժամաներ աղբավայր, ինքը նույնպես ոչ միայն կմիանար այդ հարյուր հազարավոր բնակիչների արդարացի պահանջին, այլ նաև գուցե ինքն էլ կոչ-խնդրամքով դիմեր բնապահպան կազմակերպություններին, որպեսզի նրանք նույնպես պայքարեն աղբավայրի փակման դեմ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր՝ ապրիլի 9-ին էլ աղբավայրում տիրում է գարշահոտ վիճակ, կրակը շարունակում է իր սև գործն անել, իսկ ուժեղ քամու ժամանակ եղել են դեպքեր, որ Մասիսի քաղաքն ու հարակից գյուղերը ու Արտաշատ քաղաքը պատված են եղել թունավոր ու վտանգավոր ծխով, նույնիսկ տեսանելիության խնդիր է եղել։

Բնակիչները խնդրանքով դիմում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին, Շրջակա միջավայրի նախարար Դավիթ Համբարձումյանին, ինչպես նաև իրենց խոսքն էին ուղղում աղբավայրը չփակելու որոշումը կայացրած «վայ» դատավորին՝ ասելով. «Բան չենք ցանկանում, թող էս ծխի ու կրակի պայմաններում նա իր ընդմիջումն անի»։

Ավելին`այստեղ