news-details
Արարատի Մարզ

Մասիսում հայտնաբերվեց գողացված գումար և թմրամիջոց. ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Փետրվարի 16-ին՝ ժամը 16․40-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Հովտաշատ գյուղում իր «Մերսեդես» մակնիշի մեքենայից գողացել են 1 միլիոն 180 հազար դրամ։

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Հովտաշատ գյուղի 46-ամյա բնակիչը:

Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Բացատրական աշխատանքների արդյունքում 46-ամյա տղամարդը խոստովանել է արարքը և հայտնել, որ գումարը թաքցրել է տանը։

Համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նա տանը թմրամիջոց է պահում:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 46-ամյա տղամարդու բնակության հասցեում հայտնաբերվել են 1 միլիոն 120 հազար դրամ, մարիխուանա տեսակի թմրամիջոց և ինքնաձիգի փամփուշտներ:

Կատարվում է նախաքննություն: