Կառավարության որոշմամբ հանրապետությունում մեկնարկել է 2026 թվականի կաթի արտադրությանբ համար սուբսիդավորման տրամադրման պետական աջակցության ծրագիրը:
Միջոցառման շահառու կարող են հանդիսանալ 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կովի անմշակ կաթի արտադրություն իրականացնող՝ 3 գլուխ և ավելի կովեր տնօրինող այն տնտեսավարող սուբյեկտները, որոնց տնօրինության տակ գտնվող կովերը հաշվառված են «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգում և ներառված են եղել գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի շրջանակներում իրականացված կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներում:
Սուբսիդավորումը տրամադրվում է շահառուի կողմից տնօրինվող միայն 3-րդ գլխից սկսած մինչև 20 գլուխը ներառյալ (առավելագույնը 18 գլուխ) կովերի համար՝ մեկ կովի հաշվով 15000 դրամի չափով (միանվագ)։
Սուբսիդավորման տրամադրման գործընթացը նախաձեռնում է շահառուն, որը սուբսիդավորման գումարի ստացման նպատակով էլեկտրոնային կամ թղթային եղանակով դիմում է համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին `դիմումի մեջ նշելով բնակության վայրը և հասցեն, հեռախոսահամարը, իր անունով բացված բանկային հաշվեհամարը, 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ իր կողմից տնօրինվող կովերի գլխաքանակը և դրանց ականջապիտակների գույքային համարները։