news-details
Արարատ

Մեկնարկում է Արարատի բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման ծրագիրը. Արարատի համայնքապետարան

Արարատի համայնքապետարանը տեղեկացնում է, որ Արարատ համայնքում մեկնարկում է բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման ծավալուն ծրագիր, որի ավարտը նախատեսվում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 1-ը։

Ծրագրի նախահաշվային առավելագույն արժեքը կազմում է 199.866.539 ՀՀ դրամ։ Նշված գումարը սահմանվել է համայնքապետարանի կողմից՝ որպես վերին շեմ, իսկ մրցութային ընթացակարգի արդյունքում ծրագիրը կիրականացվի ավելի տնտեսող պայմաններով։ Տեղեկացնում ենք նաև, որ ծրագիրը կմտնի գործնական փուլ ֆինանսական միջոցների հատկացումից հետո։

Ծրագրով նախատեսվում է ամբողջությամբ փոխարինել Արարատ համայնքի, Արարատ քաղաքի հետևյալ բազմաբնակարան շենքերի տանիքները՝
Չարենց 1, 2, 3,
Աղբյուր Սերոբ 2, 4, 5,
Խանջյան 30,
Շահումյան 24,
ՈԿՖ Բանավան 1Ա և 2։

Հիմնանորոգման կենթարկվեն նաև Արարատ համայնքի, Սուրենավան բնակավայրի Բարեկամության 11 և 11/1 հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքերի տանիքները։

Նշված շենքերը խորհրդային շրջանից ի վեր չեն ենթարկվել համապարփակ հիմնանորոգման։ Իրականացվելիք աշխատանքները փաստացի առաջին ամբողջական նորոգումն են շենքերի կառուցումից ի վեր։

Ծրագիրն ուղղված է բնակիչների կենսապայմանների էական բարելավմանը, գույքի ապահովմանը, շենքերի շահագործման ժամկետի երկարաձգմանը և համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանը։

Արարատի համայնքապետարանը շարունակաբար իրականացնում է համայնքում կուտակված խնդիրների փուլային լուծում՝ նպատակ ունենալով ձևավորել անվտանգ, բարեկարգ և արժանապատիվ բնակավայր յուրաքանչյուր բնակչի համար։

Հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքների շրջանակում համայնքապետարանը պարբերաբար կհրապարակի ծրագրի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն։