SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 1-ի հրավառության հետևանքով Արարատի մարզում տեղի է ունեցել արտակարգ դեպք:
ժամը 00։20-ին, «Արարատ» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում ահազանգ է ստացվել, որ «ստորին շրթունքի քերծվածք, ձախ դաստակի առաջին, երկրորդ մատների պայթունածին պատռված վերքեր, ջերմային այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է բերվել մի քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 52-ամյա Կարապետ Ն․-ն է, ով վնասվածքները ստացել է իրենց գյուղում՝ տան բակում պայթուցիկի (ճայթուկ) պայթյունի հետևանքով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի առիթով համայնքային ոստիկանության տարածքային բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են տարածքային քննչական բաժին: